Ռոհանին հարկ չի համարում պատասխանել Թրամփի «դատարկ սպառնալիքներին»

Իրանի նախագահ Հասան Ռոհանի, Թեհրան, հուլիս, 2018թ․

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հարկ չի համարում պատասխանել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, իր ձևակերպմամբ՝ «դատարկ սպառնալիքներին»: Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռոհանին ընդգծել է․ - «Մենք պետք է պատասխանենք գործողությամբ»:

Օրեր առաջ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրառմամբ զգուշացրել էր Իրանին՝ «չսպառնալ Միացյալ Նահանգներին, հակառակ դեպքում կհաջորդեն այնպիսի հետևանքներ, որոնք չի տեսել Իրանը իր ամբողջ պատմության ընթացքում»: Ավելի ուշ իր ելույթներից մեկում Թրամփը հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները «պատրաստ է գործարք կնքել» Իրանի միջուկային ծրագիրը խաթարելու համար:

Այս տարվա մայիսին ԱՄՆ-ը դուրս եկավ 2015 թվականին Իրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային պայմանագրից, որը նախագահ Թրամփը անվանեց «աղետ»: