Այսօր ակնկալվում է Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը «Մարտի 1»-ի գործով

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Ակնկալվում է, որ այսօր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կներկայանա Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ «Մարտի 1»-ի գործով հարցաքննության: Նա այս գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի:

ՀՔԾ-ն Քոչարյանին հարցաքննության էր կանչել հուլիսի սկզբին, բայց նախկին նախագահը արտերկրում էր:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան, երբ պաշտոնապես երկրի ղեկավարն էր Ռոբերտ Քոչարյանը, ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով 10 մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Մարտիմեկյան իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

Իշխանափոխությունից հետո Հատուկ քննչական ծառայության նոր պետ Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ քաղաքական կամք կա «Մարտի 1»-ի գործը բացահայտելու։

Այս ամսվա սկզբին ՀՔԾ-ն հաղորդեց, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան։