Քննարկվում է Փաշինյան- Թրամփ հանդիպման հնարավորությունը սեպտեմբերին․ ԱՄՆ դեսպան

Միացյալ Նահանգներն ու Հայաստանը դիտարկում են Փաշինյան- Թրամփ հանդիպման հնարավորությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, սակայն, ինչպես հայտնում է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ 2 երկրների առաջնորդները ծանրաբեռնված օրակարգ են ունենալու Նյու Յորքում, ինչը բարդացնում է այդ հանդիպման հնարավորությունը։

«Թե՛ նախագահ Թրամփի, թե՛ վարչապետ Փաշինյանի օրակարգերը ծանրաբեռնված են, բայց պետք է տեսնել՝ տարբերակ կա՞ այդ հանդիպումը հնարվոր դարձնել: Սակայն դեռ որոշում չկա՝ հանդիպում տեղի կունենա թե ոչ», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանեց Միլսը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանը նաև ընդգծում է, որ գոհ է երկկողմ հարաբերությունների մակարդակից, վերջին 6 շաբաթների ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներից․ - «Վաշինգտոնում է եղել Հայաստանի նախագահը, հանդիպել պետքարտուղարին, ԱՄՆ-ում են եղել փոխվարչապետը, արդարադատության նախարարը, ուրախ եմ, որ շփումները շատ են եղել»։

Օրերս ԱՄՆ-ից վերադարձած առաջին փոխվարչապետ Արարատ Միզոյանը պաշտոնական կայքում հրապարակված տեսանյութում ևս անդրադարձել էր Փաշինյան-Թրամփ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ ԱՄՆ կատարած իր այցի ժամանակ հարցը քննարկել են կոնգրեսականների հետ։

«Վարչապետ Փաշինյանը պետք է մեկնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու սեպտեմբերին, և այցի շրջանակներում կոնգրեսականները նպատակահարմար էին գտնում կազմակերպել Փաշինյան – Թրամփ հանդիպում», - ասել է փոխվարչապետը: - «Հարցը բարձրացվեց կոնգրեսականների կողմից և մենք հավաստեցինք, որ քննարկվում է հնարավոր հանդիպումը»:

Ինչպես նախօրեին հայտնեց Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, հայամետ կոնգրեսականները ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հորդորում են սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայտնելով, որ Հայաստանը ձգտում է ավելի թափանցիկ կառավարության, ավելի ամուր ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության լայն լիազորությունների, ուստի չափազանց կարևոր է, որ Միացյալ Նահանգները իշխանության բոլոր մակարդակներով խորացնի կապերը Հայաստանի հետ։

ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների փորձագետ Սուրեն Սարգսյանը հիշեցնում է, որ վերջին անգամ Հայաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպում տեղի է ունեցել 2010 թվականին՝ Բարաք Օբամայի և Սերժ Սարգսյանի միջև, որի օրակարգի գլխավոր հարցը հայ-թուրքական հարաբերություններն էին: Եվս մեկ կարճ զրույց Սերժ Սարգսյանը Օբամայի հետ ունեցել է 2015-ին՝ Նյու-Յորքում։

«Կարելի է ասել՝ վերջին 10 տարիների ընթացքում բարձր մակարդակի հանդիպումներ չեն եղել, և եթե հնարավորություն ստեղծվի, իհարկե պետք է կազմակերպել Հայաստանի նոր առաջնորդի՝ այսինքն վարչապետի, և Միացյալ Նահանգների նախագահի հանդիպումը», - մատնանշում է փորձագետը:

Այնուամենայնիվ, Սուրեն Սարգսյանի կարծիքով կոնգրեսականների՝ Սպիտակ տանն ուղղված նամակը, որով հորդորել են Թրամփին հանդիպել Փաշինյանին, մեծ ազդեցություն չի ունենա Թրամփի որոշման վրա:

«Կոնգրեսականները, ովքեր այս նամակը ստորագրել են, հիմնականում դեմոկրատներ են, ովքեր այս նամակը ստորագրել են, և հայտնի դեմոկրատներ և քաղաքական օպոնենտներն են նախագահ Թրամփի», - պարզաբանում է Սարգսյանը՝ հավելելով․ - «Այդուհանդերձ, ես կարծում եմ հանդիպման կազմակերպման համար աշխատանքը պետք է շարունակվի բոլոր ուղղություններով՝ թե՛ մեր դիվանագիտական խողովակներով, թե՛ լոբբիստների միջոցով, թե՛ անհրաժեշտության դեպքում այլ լոբբիստների ներգրավման միջոցով: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ում հնարավոր հանդիպմանը, պրակտիկան ցույց է տալիս, որ չափազանց ծանր և հագեցած գրաֆիկ է լինում Միացյալ Նահանգների նախագահի մոտ հենց ՄԱԿ-ի նստաշրջանի օրերին, բայց այլ օրերին, այլ ժամանակահատվածում սա կարևոր և բավականին սպասված հանդիպում կարող է լինել»:

Փորձագետի կարծիքով՝ կարևոր է հասկանալ, թե որոնք են լինելու Հայաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպման օրակարգի գլխավոր հարցերը, բայց մինչ այդ հստակ է, որ Միացյալ Նահանգները գնահատում է Հայաստանի բռնած նոր ճանապարհը՝ բռնության բացառում, մարդու իրավունքների գերակայություն և ժողովրդավարություն։