«Ադրբեջանը խաթարում է խաղաղության մթնոլորտը, և մենք համարժեք ենք լինելու իրավիճակին»․ Փաշինյան

Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը համարժեք է լինելու իրավիճակին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «շատ ճիշտ է արել»՝ Ադրբեջանի հասցեին օրերս հնչեցնելով կոշտ հայտարարություն:

Հայաստանի ղեկավարն ու կառավարության անդամները այսօր պաշտպանության նախարարությունում էին, ուր հայաստանյան ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպաներին շնորհվեցին ավարտական փաստաթղթեր և սպայական դաշույններ:

«Մենք կարծում ենք, որ խաղաղ բանակցային ճանապարհով հարցի կարգավորումը կարևոր է, մենք համարում ենք, որ դա հնարավոր է, բայց մենք ասում ենք նաև, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Ցավոք սրտի Ադրբեջանը իր գործողություններով և իր հռետորաբանությամբ հնարավորություն չի տալիս, խաթարում է խաղաղության մթնոլորտը և հնարավորությունը, և մենք համարժեք ենք լինելու իրավիճակին», - «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց վարչապետը: - «Եթե Ադրբեջանը կվերանայի իր մոտեցումը և կնպաստի խաղաղության մթնոլորտի հաստատմանը, մենք այդ իրավիճակին կլինենք համարժեք: Եթե այլ ուղղությամբ կգնա, մենք այդ իրավիճակին նույնպես կլինենք համարժեք»:

Լրագրողներից մեկի հարցին՝ համարժեք ասելով նկատի ունի, որ հայաստանյան զինված ուժերի տրամադրվածությունը արդեն հարձակողակա՞ն տրամաբանության մեջ պետք է դիտարկել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ - «Ես ասում եմ, որ մեր գործողությունները պետք է լինեն համարժեք՝ օպերատիվ իրավիճակից բխող և մեր երկրի ազգային անվտանգության շահերից և անհրաժեշտություններից բխող»:

Արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել են ևս մեկ հանդիպում անցկացնել: Հանդիպման վայրի և ժամկետների շուրջ վերջնական համաձայնեցում դեռ չկա: Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի նախորդ հանդիպումը, հիշեցնենք, հուլիսի 11-ին էր՝ Բրյուսելում:

Վարչապետի պաշտոնում ընտրվելու հաջորդ օրն իսկ՝ մայիսի 9-ին Փաշինյանը Ստեփանակերտում էր, ուր անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ հայտարարեց, որ հետայսու պաշտոնական Երևանը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին ներկայացնելու է միայն Հայաստանի տեսակետը, և պաշտոնական Ստեփանակերտը պետք է ներկայացված լինի բանակցային սեղանի շուրջը, հակառակ դեպքում բանակցությունները կիսատ են:

EADaily-ին օրերս տված հարցազրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդես էր եկել ուշագրավ հայտարարությամբ․ «2016թ․ ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է և զերծ չմնալ իր զինանոցում առկա բոլոր զինատեսակների կիրառման «գայթակղությունից»՝ հակառակորդին տալով մասշտաբային և որոշիչ հակահարված»: