«Քաղաքացիական պայմանագիր»-ը դեռ չի հստակեցրել՝ դաշինքո՞վ, թե՞ առանձին կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններին

Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռևս հստակ չի նշում՝ արդյոք Երևանի քաղաքապետի ընտրություններին հանդես կգան դաշինքո՞վ, թե՞ առանձին ցուցակով։

Երեքշաբթի երեկոյան կուսակցության վարչության նիստից հետո վարչության անդամները հայտնեցին, որ նիստի ընթացքում քննարկվել են քաղաքապետի ինքնաառաջադրված չորս թեկնածուներից երկուսի՝ դերասան, վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ դարձած Հայկ Մարությանի և վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի ծրագրերը։ Մյուս երկու թեկնածուներն են Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը։

Երեկվա նիստին ներկա էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով, սակայն, հրաժարվեց հարցերին պատասխանել։

Սրբուհի Ղազարյանը հարցին, թե ինչու հենց ինքը պետք է դառնա Երևանի քաղաքապետ, արձագանքեց. - «2014-ից ներկայացրել ենք թիմով Երևանի կառավարման ծրագիր, և ունեմ 20 տարիների աշխատանքային փորձ Երևանի կառավարման բոլոր գրեթե ոլորտներում, մի քանի օրենսդրական ակտերի համահեղինակ եմ և 20 տարի այդ ամբողջ համակարգում եմ»:

Կուսակցության անդամները չեն բացառում, որ մինչև հուլիսի 27-ը լինեն քաղաքապետի թեկնածուի նոր ինքնաառաջադրումներ։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Ազատության» հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դաշինքով հանդես գա, արձագանքեց՝ այս պահին չի բացառվում, սակայն հստակ պատասխան կլինի միայն մեկ շաբաթից։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ վարչության նիստի քննարկումներն արժեքավոր են, և դեռևս քննարկման մեկ փուլ էլ սպասվում է։

«Ամեն թեկնածու իր պատկերացումներն է ներկայացնում քաղաքի զարգացման տեսլականի վերաբերյալ, շատ կոնկրետ դրույթների վերաբերյալ: Շատ լայն, ընդարձակ քննարկում էր, և հարցուպատասխանի ֆորմատ նույնպես կար, հետևապես՝ բավականին ծավալվել ենք և քննարկել ենք ծրագիրը: Հիմնականում ավելի ծրագրային դրույթների վրա ենք ուշադրություն դարձնում, ամեն մարդու տեսլականի, վիժընի վրա», - ասաց Ավինյանը:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ասաց՝ ակնկալում է քաղաքապետի թեկնածու, ով կլուծի երևանցու առջև ծառացած տարիների խնդիրները. - «Տրանսպորտ, դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, աղբահանություն՝ էն ամենը, ինչ առօրյա կյանքում հուզում է շարքային երևանցուն: Ես կձգտեմ, որպեսզի լինի հենց էդպիսի թեկնածու, որը էս խնդիրներին ամենաօպտիմալ լուծումները կառաջարկի»:

Երևանի քաղաքապետի աթոռը թափուր է հուլիսի 9-ից՝ մայրաքաղաքը յոթ տարի ղեկավարած հանրապետական Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։

Ինչպես գործող Ազգային ժողովում, այնպես էլ Երևանի ավագանիում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացված է «Ելք» դաշինքի կազմում, որում ընդգրկված են նաև «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները: