Տարրական կրթության լիցենզիա չունեցող երևանյան դպրոցներին ժամանակ է տրվել. ԿԳ փոխնախարար

Ֆեյսբուքյան ասուլիս հաղորդաշարի հյուրն այս անգամ հանրակրթության գծով կրթության և գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանն էր։ Ստորև ներկայացնում ենք ասուլիսից մի հատված, ինչպես նաև ասուլիսի ամբողջական տեսագրությունը։

Հարց. ֊ Կրթության և գիտության նախարարի հրապարակումը, որ երևանյան դպրոցներից մեկը չունի տարրական կրթության լիցենզիա, մեծ աղմուկ բարձրացրեց։ Ծնողները խառնաշփոթի մեջ էին, փորձում էին պարզել, թե ո՞ր դպրոցն ունի լիցենզիա, որը չունի։ Դուք ունե՞ք այդպիսի ցանկ, թե Երևանում ու մարզերում քանի՞ այդպիսի դպրոց կա, որովհետև առջևում սեպտեմբերի 1֊ն է։

Լուսինե Առաքելյան. ֊ Մենք ունենք մի քանի խնդիրներ։ Առաջին խնդիրը՝ բացահայտվեց, որ մենք ունենք դպրոցներ, որոնք ընդհանրապես լիցենզիա չունեինք։ Այդ դպրոցներն էին՝ Պուշկինի անվան դպրոցը, Չեխովի անվան դպրոցը, Էրեբունիում՝ թիվ 95 հիմնական դպրոցը։

«Ազատություն». ֊ Այսինքն՝ Երևանում երե՞քը։

Լուսինե Առաքելյան. ֊ Երևանում այս պահին երեքն էին, որոնց ժամանակ է տրվել բոլոր խնդիրները վերացնելու համար՝ մեկամսյա ժամկետում, և դրանից հետո դիմել լիցենզավորման բաժին, որպեսզի կարողանան լիցենզիան ստանալ։

Մարզերում ուրիշ խնդիրներ կան լիցենզավորման հետ կապված, որ լիցենզիա կորող էր չտրամադրվել կադաստրային խնդիրների հետ կապված, եթե լրիվ գույքային, համայնքապատկան դպրոց... ավելի շատ կադաստրային խնդիրներ են, որը թույլ չի տվել լիցենզավորման մարմնին լիցենզիա տալ։

Երրորդ խնդիրը, որ լիցենզիան ունեն, բայց սահմանված կարգից շատ են ընդունում երեխաներ։ Այսինքն՝ պարոն նախարարի հայտարարությունից հետո այն դպրոցները, որոնք ունեն տարրականի լիցենզիա, ամեն դեպքում իրենց սահմանաչափից անցել են։ Այս դպրոցների մասով մենք հիմնականում ընդունում ենք իրավիճակային լուծումներ։ Մենք ուսումնասիրություններ ենք կատարում նպատակահարմարության առումով, նաև քարտեզագրում ենք ամբողջ տարածքը, հասկանալու համար՝ կա՞ արդյոք հնարավորություն այդ ծնողներին իրենց երեխաների հետ ուղղորդել այլ մոտակա դպրոց և այլն։

«Ազատություն». ֊ Կբացատրե՞ք ծնողին՝ ինչի՞ համար է կարևոր այդ լիցենզիան։

Լուսինե Առաքելյան. ֊ Լիցենզիա՝ նշանակում է Ձեր երեխայի ապահովությունը հենց շենքի մեջ։ Բառիս բուն իմաստով՝ իրենց առողջական ապահովությունը, իրենց ֆիզիկական ապահովությունը, որը երեխայի թիվ մեկ իրավունքն է։ Եվ այս իմաստով՝ ծանրաբեռնել շենքը երեխաների քանակով նշանակում է վնասել մեր երեխաներին։

«Ազատություն»․ - Մի խումբ օգտատերեր էլ հետաքրքրվում են՝ արդյոք ճի՞շտ եք համարում վեց տարեկանից երեխային առաջին դասարան ուղարկելը, պայուսակի ծանրաբեռնվածության հարցը քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ, դասագրքերի հարցում թեթևացնելո՞ւ եք «հոգսը» երեխաների:

Լուսինե Առաքելյան․ - Առաջին մասով․ վեց տարեկան երեխան, եթե մենք ուսումնասիրենք երեխայի տարիքային զարգացման մասով, մենք կտեսնենք, որ վեց տարեկան երեխան այն ծավալով գիտելիքը, որ ինքը հիմա ստանում է դպրոցում, ինքը ունակ է դա ստանալ՝ և՛ ստանալ, և՛ ընկալել, և՛ նաև նույնիսկ փոխանցել: Այս առումով որևէ խնդիր, որևէ մտահոգություն, ես պետք է խնդրեմ ծնողներին, իրենք չունենան, և այդ տեղեկությունը շատ բաց է, կարող են իրենք էլ բացել և էդ ինֆորմացիան ստանալ ցանկացած տեղերից՝ վեց տարեկան երեխայի զարգացման դա փուլերից մեկն է, և կտեսնենք, որ ինֆորմացիա ստանալու խնդիր երեխան չունի: Իհարկե, այլ հարց է՝ ինչ մեթոդաբանությամբ է դա տեղի ունենում:

Ես, այո, կիսում եմ մտահոգությունը՝ պայուսակների ծանրաբեռնվածության, և այսօր մենք ունենք ծրագիր, որն իր մեջ փորձում է նաև ներառել այդ կետը՝ պայուսակի բեռնաթափման կետը: Որովհետև, առողջապահության նախարարությունն էլ, իմ կարծիքով, կհաստատի, որ առաջին դասարանցու պայուսակը, եթե ուղղակի մի օրվա պայուսակը մոտ 4-5 կիլոգրամ է, ես ինքս վերցրել եմ ու տեսել եմ, որ բավականին ծանր է, չհաշվենք ուղղակի գրչատուփը, եթե գրչատուփ կա, եթե ինքը ջրի շիշ ունի՝ ջրի շիշ, այսինքն՝ զուտ գրքերը և տետրերը: Եվ այս առումով, այդ մտահոգությունը մենք կիսում ենք և մեր ծրագրերից մեկում որպես կարգ պետք է հասկանանք՝ ինչ ձևով կարող ենք այդ գրքերի մասով թեթևացնել երեխաների բեռը, բեռնաթափել պայուսակը: Բայց սա, իհարկե․․․

«Ազատություն»․ - Բայց սա արդեն նորից մյուս տարի: