ՊՆ-ն դեռ չի հստակեցնում Վրաստանում անցկացվելիք զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի հստակեցնում՝ Հայաստանը մասնակցելու է թե ոչ Վրաստանում օգոստոսի 1-15-ը անցկացվող բազմազգ զորավարժություններին, չնայած Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում Հայաստանը 13 մասնակից երկրների շարքում է։

Վրաստանում արդեն 4-րդ անգամ անցկացվող և այս տարի «Արժանի գործընկեր - 2018» խորագիրը կրող զորավարժությանը մասնակցելու են նաև Ադբեջանը, Թուրքիան, ինչպես նաև Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Գերմանիան։ Ըստ վրացական պաշտոնական աղբյուրների, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ավելի քան 3000 զինվորականներ կմասնակցեն վարժանքներին։

Իսկապե՞ս կմասնակցի այս զորավարժությանը Հայաստանը, թե ոչ՝ պարզ կլինի առաջիկա օրերին, նշում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, ավելացնելով՝ կարևոր է չկրկնել անցյալ տարվա անհարմար իրավիճակը, երբ օրեր շարունակ լռելուց հետո այն ժամանակ Վիգեն Սարգսյանի ղեկավարած պաշտպանության նախարարությունը ամենավերջին պահին հայտնեց, որ զորավարժությանը չեն գնալու. ֊ «Հայաստանը մասնակցելու է, թե չի մասնակցելու՝ մասնակցությունը և չմասնակցությունը պետք է լինի շատ հստակ, առանց երկիմաստության, առանց վարանելու և շատ հստակ հիմնավորված ու բացատրված»։

Ըստ Հակոբ Բադալյանի՝ Հայաստանի մասնակցելու կամ չմասնակցելու որոշման վրա չի կարող ազդեցություն չունենալ ռուսական գործոնը. ֊ «Վերջին շրջանում ընդհանրապես շատ մեծ քարոզչական գրոհ է գնում հայ֊ռուսական հարաբերության վրա։ Փորձ է արվում անընդհատ քարոզչական տարբեր աղբյուրներից կրեմլին հասցնել, որ սա հակառուսական իշխանություն է, ու ահռելի քարոզչական գրոհի պայմաններում Հայաստանի նոր իշխանությունը իսկապես ծանր վիճակում է գտնվում և այս ծանր վիճակը նաև կարտահայտվի, կարծում եմ, ՆԱՏՕ֊ի զորավարժության վերաբերյալ որոշման վրա»։

Այնուամենայնիվ մեկաբանները վստահ են՝ զորվարժություններին մասնակցելու որոշում կայացնելու դեպքում Հայաստանի նոր իշխանությունները կարող են ռուսական կողմին հավաստիացնել, որ դա հակառուսական քայլ չէ։

«Ներկայիս իշխանությունները ունեն բավարար լեգիտիմություն՝ բացատրելի դարձնելու ՆԱՏՕ֊ի զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը։ Ի վերջո՝ սա նաև լինելու է փորձաքար այս իշխանությունների համար՝ ՆԱՏՕ֊Հայաստան համագործակցության և ռուսական գործոնի մասով։ Այսինքն այժմ, կոպիտ ասած, դիրքեր դնելու ժամանակն է», ֊ «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքական վերլուծբան Ստեփան Սարֆարյանը։

Վերլուծաբանի կարծիքով՝ Վրաստանում անցկացվող զորավարժությանը մասնակցելը չի փոխելու Հայաստանի՝ ռազմական համագործակցության մակարդակը ՆԱՏՕ-ի կամ դրա անդամ առանձին երկրների հետ, սակայն հնարվորություն է ստեղծելու չմեկուսանալ տարածաշրջանային զարգացումներից և քաղաքական կշիռ է տալու Հայաստանին. ֊ «Մենք ի՞նչ ենք ուզում դրա դիմաց ստանալ. մենք ունենք պատերազմի դեռևս պահպանվող ռիսկեր, մենք խնդիր ունենք, որպեսզի ՆԱՏՕ֊ն շատ ավելի կռուցողական և ավելի զսպող դերակատարում ստանձնի Կովկասում։ Եթե Հայաստանն ինքը պատասխան քայլ անում է, բնականաբար ՆԱՏՕ֊ն ինքն էլ պարտավորված է լինում Հայաստանի անվտանգության համար կենսական նշանակության խնդիրներով ավելի ակտիվ, այդ թվում զսպիչ դերակատարում ունենալու, հատկապես երբ պատերազմի գործոններից մեկը՝ թուրքական գործոնը, ՆԱՏՕ֊ի տիրույթներում է»։