Ձեզ համար իմ հոլովակները 1 րոպե են տևում, ինձ համար՝ 12 ժամից ավելի․ Նաս Դեյլի

Հայտնի վլոգերի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին

Սոցիալական ցանցերի աստղ, միլիոնավոր հետևորդներ ունեցող վլոգեր Նաս Դեյլին, ով շրջում է աշխարհով ու ներկայացնում այցելած երկրները, Հայաստանում անցկացրած օրերի ընթացքում իր համար բացահայտել է՝ այստեղ փոքրուց շախմատ են խաղում, ցայտաղբյուրից կարող ես ուզածիդ չափ ջուր խմել, կա մի վայր, որտեղ ձգողականությունը չի գործում, փողոցներում անվաչմուշկների վրա անվախ վազում է անմահ ծերունին և չավարտված պատերազմի պատճառով մարդիկ ականների վրա պայթում են:

«Ազատություն»․ - Հայաստանի համար առանձնացրել եք հետևյալ թեմաները՝ շախմատ, ջուր, ականներ:

Նաս Դեյլի․ - Այո, և այդ ականների պատճառով ես խնդիր ունեցա:

«Ազատություն»․ - Այո, որովհետև ձեր տեսահոլովակից տպավորություն է ստեղծվում, որ ոտքդ դնես Հայաստան՝ կպայթես:

Նաս Դեյլի․ - Այո, բայց նաև տպավորություն է, որ Հայաստանում ամենուր անվճար ջուր է: Պուլպուլակներիս մեկ րոպեանոց նյութը վկայում է այդ մասին: Կան խնդիրներ Հայաստանում, որ միայն այս երկրում գոյություն ունեն: Ֆրանսիան, Բելգիան ականապատման խնդիր չունի: Ուստի ես կարիք չունեմ նման տեսանյութ նկարահանել այդ երկրներում: Բայց Հայաստանում դեռ պատերազմի խնդիր կա և դրա պատճառով ես այդ տեսանյութը պատրաստեցի:

Այդուհանդերձ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, պատասխանելով օգտատերերի գրառումներին, վլոգերը նշել է, որ Հայաստանը բացարձակապես անվտանգ երկիր է:

Այստեղ շատ հեշտ է աշխատել մարդկանց հետ, շատ բաց են ...
Նաս Դեյլի

«Ես դեռ երկու տեսանյութ պետք է պատրաստեմ Հայաստանի մասին, դեռ չեմ բացի թեմաները: Դրանից հետո կմեկնեմ: Հուսամ ինձ կհիշեք: Անկեղծ ասած՝ ես ինքս էլ սիրեցի հայկական տեսանյութերս: Ասեմ, որ այստեղ շատ հեշտ է աշխատել մարդկանց հետ, շատ բաց են», - մեզ հետ զրույցում մանրամասնեց վլոգերը:

Իսկական անունը Նասեր Յասին է: Ազգությամբ պաղեստինցի է, ծնվել է Իսրայելում: Ասում է՝ հայրենիքն ամենուր է, բայց վերջին 7 տարիների ընթացքում խարիսխ է գցել Միացյալ Նահանգներում:

«Ազատություն»․ - Ինչպե՞ս հասաք այստեղ, ինչո՞ւ որոշեցիք գալ Հայաստան:

Նաս Դեյլի․ - Ես շրջում եմ աշխարհում ու փորձում գտնել այն երկիրը, որն ինձ կհետաքրքրի: Ես ամեն օր եմ նկարում: Թուրքիայում էի և քարտեզն ուսումնասիրում էի՝ հասկանալու, թե որ երկրին է ավելի մոտ՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան․․․ և ընտրեցի Հայաստանը: Ծանոթներ գտա, ասացին՝ արի, քեզ տեր կկանգնեք: Ես էլ եկա: Մշակութային երկիր է Հայաստանը և կարող եմ շատ տեսանյութեր անել այստեղ: Եվ ահա ես եկա:

Ձեզ համար իմ հոլովակները 1 րոպե են տևում, ինձ համար՝ 12 ժամից ավելի: 3 ժամ սցենար գրել, 4 ժամ նկարահանել, ևս 4 ժամ՝ մոնտաժել, մեկ ժամ պատասխանել մեկնաբանություններին և ևս մեկ ժամ՝ հաջորդ օրը ծրագրավորելու համար: Հետո մի 6-7 ժամ քնում եմ, ու մի երկու ժամ էլ ընկերուհուս տրամադրում:

«Ազատություն»․ - Եվ ընդհանրապես ոչ մի րոպե հաճույքի՞ն:

Նաս Դեյլի․ - Ոչ, ես ո՛չ գնում եմ խմելու, ո՛չ հավաքույթների եմ մասնակցում: Ոչ մի այլ բան չեմ անում: Միակ բանը այս 1 րոպեանոց տեսաֆիլմերն են:

Իր տեսանյութերում ուտելիքի մասին չի խոսում, դրա համար լավաշը երբեք հերթական տեսանյութի թեմա չի դառնա: Հայերեն ոչ մի բառ չգիտի՝ ջան դիմելաձևից բացի: Աշխարհի հազար ու մի անկյունում եղել է, սակայն անգլերենից բացի ոչ մի այլ օտար լեզու չի սովորել: Հայրենիքը չի կարոտում, որովհետև աշխարհն է համարում իր հայրենիքը:

«Ազատություն»․ - Ինչպե՞ս հավաքել դիտումներ: Ի վերջո՝ Ձեր աշխատանքի վերջնական նպատակը պետք է լինեն դիտումներն ու դրանց շնորհիվ վաստակած գումարը: Գո՞հ եք հայաստանյան տեսանյութերի դիտումներից:

հայաստանյան տեսանյութերի դիտումները միջինց բարձր են, եթե համեմատում եմ այլ երկրների հետ...
Նաս Դեյլի

Նաս Դեյլի․ - Ես սա անվճար եմ անում: Ես փող աշխատում եմ միայն այն դեպքում, եթե 4 րոպեից ավելի ֆիլմեր եմ պատրաստում: Ինչ վերաբերում են հայաստանյան 1 րոպեանոց տեսանյութերին, ապա դիտումները միջինց բարձր են, եթե համեմատում եմ այլ երկրների հետ: Բայց եթե մարդու գոհունակությունն ու երջանկությունը պայմանավորես թվերով, ապա երջանիկ չես լինի: Չէ՞ որ թվերն անվերջ են:

«Ազատություն»․ - Այսինքն՝ փողը Ձեզ համար մեծ նշանակություն չունի՞:

Ես ինձ վատ կզգայի, եթե կառավարությունից փող վերցնեի...
Նաս Դեյլի

Նաս Դեյլի․ - «0» նշանակություն: Իմ հայաստանցի ընկերները հոգում եմ այստեղ մնալս և ճանապարհածախսը: Հա, նաև վարորդ են տրամադրել, ինչ համար շատ շնորհակալ եմ: Ես ինձ վատ կզգայի, եթե կառավարությունից փող վերցնեի:

Հարվարդն ավարտելուց հետո Նաս Դեյլին բարձր վարձատրվող ծրագրավորող է աշխատել PayPal ընկերությունում: Սակայն մի օր հանկարծ թողել է ամեն ինչ ու գնացել տեսախցիկ գնելու: Ասում է՝ ինքնուս է, Google֊ով է գտել, թե ինչպես պետք է մոնտաժել, նկարել:

Հագնում է ընդամենը մեկ վերնաշապիկ, որի վրա գրված է տարիքը՝ այժմ 34: Ասում է՝ ուսումնասիրել և պարզել է, որ Միացյալ Նահանգներում մարդու կյանքի միջին տևողությունը տղամարդու համար 75-ն է, կնոջ համար՝ 78-ը: 26 տարեկանում սարսափել է, որ կյանքի մի մասն անցկացրել է իզուր:

Նաս Դեյլի․ - Սա իմ կյանքն է: Եվ վերջին 700 օրը ես այսպիսի վերնաշապիկ եմ հագնում, որպեսզի տեսնեմ տարիքս ու ժամանակս ճիշտ օգտագործեմ:

«Ազատություն»․ - Այսքան երիտասարդ եք և արդեն այսքան հայտնի:

Նաս Դեյլի․ - Օհ, այդքան էլ երիտասարդ չեմ, կյանքիս 1/3-րդ ապրել եմ:

«Ազատություն»․ - Բայց դեռ կա ժամանակ ապրելու: Ո՞րն է հաջողության ձեր բանալին:

Նաս Դեյլի․ - Նախ պետք չէ անիծել բախտը: Հուսով եմ ես դա չեմ անում: Երկրորդը՝ տեսեք ես այս հարցազրույցը տալիս եմ իմ աշխատանքը սկսելու 839-րդ օրը: Առաջին 300 տեսանյութերի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձրել: Առաջին 400 օրս դժոխք էր: Բայց խնդիրն այն է, որ պիտի շարունակես անել, անգամ եթե ոչ ոք քեզ վրա ուշադրություն չի դարձնում: Եթե լավ բան ես անում, մի օր կնկատեն, ժամանակի հարց է:

«Ազատություն»․ - Ի՞նչն ամենաշատը դուր չեկավ Հայաստանում:

Ես որոշել եմ տուն գնել այստեղ...
Նաս Դեյլի

Նաս Դեյլի․ - Մի քանի բան․ ենթակառուցվածքները վատն են, ռեստորաններում՝ լիքը ծուխ: Ես սովոր չեմ դրան: Ի դեպ, շատ հետաքրքիր էր, որ այստեղ մարդիկ շատ լավ են խոսում անգլերեն: Բայց Երևանից դուրս պատկերը լրիվ այլ է: Կարծում եմ, որ դա ևս շատ կարևոր է:

«Ազատություն»․ - Դե՝ հուսանք,որ նորից կտեսնենք ձեզ Երևանում, Հայաստանում:

Նաս Դեյլի․ - Այո, ես որոշել եմ տուն գնել այստեղ: Այնպես, որ հաստատ կտեսնվենք: