Վաչագան Ղազարյանը վճարեց 1 մլրդ դրամ գրավը և ազատ արձակվեց կալանքից

Սերժ Սարգսյան և Վաչագան Ղազարյան, արխիվ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը վճարել է դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը, այսօր «Ազատությանը» փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից։

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության խոսնակ Նոնա Նավիկյանն էլ «Ազատությանը» հայտնեց, որ Ղազարյանն արդեն ազատության մեջ է։

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի փաստաբան Արմեն Հարությունյանը հրաժարվեց մանրամասնել, թե ինչպես է վճարվել գրավը:

Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է մեկ ամիս առաջ՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով:

Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար:

Ղազարյանը կալանավորվել էր երկու ամսով, և համաձայն չլինելով դատարանի որոշմանը՝ այն բողոքարկել էր վերաքննիչ ատյան, որն էլ օրեր առաջ փոխել էր նրա նկատմամբ խափանման միջոցը: