Մեսութ Օզիլը հեռացավ Գերմանիայի հավաքականից

Գերմանիայի հավաքականի մարզիչ Յոահիմ Լյովը և կիսապաշտպան Մեսութ Օզիլը, արխիվ

Ֆուտբոլիստը պնդում է, որ իր հանդեպ կա ռասիստական վերաբերմունք:

Մոտ երեք շաբաթից մեկնարկում է անգլիական պրեմիեր լիգայի 2018-2019 թվականների մրցաշրջանը: Լոնդոնի «Արսենալը» հենց առաջին տուրում սեփական հարկի տակ ընդունելու է չեմպիոնին՝ «Մանչեստեր Սիթիին»: Լիգայի խաղերին պատրաստվող «Արսենալն» այսօր ժամանել է Սինգապուր, որտեղ մասնակցելու է Միջազգային չեմպիոնների գավաթի մրցաշարին:

Այս օրերին «զինագործները» ոչ միայն մարզական, այլև քաղաքական, մասնավորապես գերմանական պարբերականների ուշադրության կենտրոնում են: Խոսքը Ռուսաստանում անցկացված ֆուտբոլի աշխարհի վերջին առաջնությունում ծայրաստիճան անհաջող մասնակցություն ունեցած աշխարհի այլևս նախկին չեմպիոն Գերմանիայի ազգային հավաքականը լքելու՝ ծագումով թուրք կիսապաշտպան Մեսութ Օզիլի որոշման մասին է:

Երեկ ֆուտբոլիստն ասել է, որ շատ դառնացած է հեռանում «մայնշաֆթից»: Մամուլում և սոցիալական ցանցերում տարածվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ Օզիլի լուսանկարը, որի պատճառով ֆուտբոլիստը չափազանց խիստ քննադատության է ենթարկվել Գերմանիայում:

«Երկար մտորումների արդյունքում շատ ծանր սրտով տեղեկացնում եմ, որ վերջին իրադարձություններից հետո վճռել եմ հեռանալ ազգային հավաքականից, քանի որ զգում իմ հանդեպ անհարգալից, ռասիստական վերաբերմունք»,- երեկ «Թվիթերի» իր էջում գրել է 29-ամյա Օզիլը:

Սկանդալին արձագանքել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրա խոսնակն այսօր հայտարարել է, որ Գերմանիայում բնակվող 3 միլիոն թուրքերի մեծամասնությունը շատ լավ ինտեգրված է, Գերմանիան շատ է կարևորում բազմազանության արժեքը, ներգաղթյալների ներդրումը, իսկ կանցլերը մեծ հարգանք ունի անձամբ Օզիլի նկատմամբ:

Գերմանիայում թուրք ներգաղթյալների ընտանիքում ծնված և քաղաքացիություն ստացած Օզիլը համարվել է ինտեգրման հաջող օրինակ, մարդ, ով իր տաղանդի և աշխատասիրության շնորհիվ հարգանք և պատիվ է վաստակել մարզական աշխարհում: Նա մեծ հաջողություններ է գրանցել «Շալքե» և «Վերդեր» ակումբներում, ապա Մադրիդի «Ռեալում», իսկ 2014 թվականին Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն:

Եվ ահա՝ հավաքականի վերջին անհաջող ելույթից ու հատկապես Էրդողանի հետ լուսանկարվելուց հետո գերմանացիները նրան անխնա քննադատում են: Օզիլի և նրա աջակիցների համոզմամբ, արդար չէ գովաբանել մարզիկին միայն հաջողությունից հետո և հիշել, որ նա թուրք է՝ պարտությունից հետո: Սոցիալական ցանցերում իսկապես շատ տգեղ մեկնաբանություններ են եղել, որոնցից ամենամեղմն է «Ռադդ քաշիր քո Անատոլիա» ստատուսը:

Գերմանիայի քաղաքական շրջանակներում այս պատմությունը մեծ արձագանք է ստացել: Նույնիսկ Բեռլինում Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներ Հեյկո Մաասի և Ջերեմի Հանթի հանդիպումից հետո են լրագրողներն այս հարցն արծարծել:

«Չեմ կարծում, որ որպես Գերմանիայի արտգործնախարար, պետք է մեկնաբանեմ ազգային հավաքականից ֆուտբոլիստի հեռանալու խնդիրը և չեմ կարծում նաև, որ Անգլիայում ապրող և աշխատող մուլտիմիլիոնատերը կարող է համարվել Գերմանիայում ինտեգրվելու հնարավորության օրինակ»,- ասել է Մաասը:

Մինչդեռ, Գերմանիայում ապրող՝ Օզիլի ծագումով թուրք երկրպագուներից շատերը համոզված են, որ այս դեպքում կան հենց ռասիստական դրսևորումներ: «Կարծում եմ՝ դա ռասիզմ է, Գերմանիան պարտվել է, և ամբողջ պրոպագանդան հիմա Օզիլի դեմ է: Կարծես Գերմանիան Օզիլի պատճառով է դուրս թռել առաջնությունից»,- ասել է Ֆաթիհ Արսլան անունով երկրպագուն: Հնչում է նաև կարծիք, որ եթե մի կողմ դնեն անպարկեշտ ստատուսները, որոնք կարող են հնչել ցանկացած երկրում ցանկացած մարզիկի հասցեին՝ գործնականում ռասիզմ չկա:

«Ուրախ եմ, որ այս ամենն ավարտվեց, Օզիլը վերջին տարիներին պարզապես վատ էր խաղում և հիմա իր վատ խաղի արդյունքում հավաքականից հեռանալը փորձում է պայմանավորել Էրդողանի հետ լուսանկարվելու հանգամանքով: Չկա այսպիսի բան, նա վատ է խաղում»,- ասել է Մյունխենի «Բավարիայի» նախագահ, այդ ակումբի և երկրի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, Բունդեսլիգայի, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Ուլի Հյոնեսը: