Ոստիկանության պաշտոնյաների կողմից 43 մլն դրամի յուրացման փաստով քրգործ է հարուցվել․ ՀՔԾ

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում անցկացված ծառայողական քննության նյութերի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ:

ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ ծառայողական քննության նյութերում առկա են փաստական տվյալներ այն մասին, որ «ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Իջևանի պահպանության բաժնի հաշվապահ Լ. Ա.-ն 2016 թվականի հունվարի 1-ից 2018թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում իրեն, բաժնի պետին և բաժնի այլ աշխատակիցների հավելագրել է օրենքով սահմանված ամսական աշխատավարձի դրույքաչափից ավել գումար, որի արդյունքում բաժնի աշխատակիցներին ընդհանուր առմամբ 38.493.681 ՀՀ դրամ ավել է վճարել»:

Բացի այդ, ըստ հաղորդագրության, «Լ. Ա.-ն 2017թ. մայիս-օգոստոս ամիսների ընթացքում, կատարելով ոստիկանության ՊՊԳ վարչության Դիլիջանի բաժանմունքի հաշվապահի պարտականությունները, իրեն հավելագրել է օրենքով սահմանված ամսական աշխատավարձի դրույքաչափից ավել գումար, որի արդյունքում իրեն ավել է վճարել 4.522.448 ՀՀ դրամ գումար»:

Նախաքննության ընթացքում Լ. Ա.-ն բացատրություն է տվել այն մասին, որ Դիլիջանի բաժանմունքում իրեն ավել աշխատավարձ է վճարել բաժանմունքի պետի ցուցումով և գումարը կանխիկացնելուց հետո այն ամբողջությամբ հանձնել է վերջինիս, հաղորդում է ՀՔԾ-ն:

Հափշտակված գումարը ծառայողական քննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Կատարվում է նախաքննություն: