Հանքարյունաբերության ոլորտում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում Քննչական կոմիտերում քրեական գործ է հարուցվել:
Ըստ գործի նյութերի՝ հանքարդյունաբերությամբ և երկրաբանահետախուզական աշխատանքներով զբաղվող հայաստանյան 19 ընկերությունների բաժնետոմսերը տարբեր ժամանակներում ձեռք են բերվել մի քանի անձանց և կազմակերպությունների կողմից ու վաճառվել Կայմանյան կղզիներում գտնվող կազմակերպություններին: Ընդ որում՝ 17 ընկերության բաժնետոմս վաճառվել է մեկ արտասահմանյան ընկերության:
«Մենք այստեղ ռիսկեր ենք տեսնում այն տեսանկյունից, որ հնարավոր է, որ փաստացի շուկայի հիմնական մասը կառավարվի մեկ ընկերության կողմից և այստեղ նաև մրցակցության սահմանափակում կարող է տեղի ունենալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը: - «Այդ իսկ պատճառով հանձնաժողովը կարծում է, որ այստեղ վերահսկողական գործիքներ են անհրաժեշտ, որպեսզի հնարավորինս թույլ չտրվի այդպիսի գործարքների իրականացումը և դրա հետևանքով մրցակցության սահմանափակում տեղի չունենա»:
Ե՛վ Տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեն, և՛ Քննչական կոմիտեն առայժմ չեն հաղորդում, թե խոսքը որ ընկերության մասին է՝ պատճառաբանելով, թե դա կխոչընդոտի քննությանը:
Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության ամենամութ և կասկածելի ոլորտն է, «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը, ընդգծելով՝ այս բացահայտումը ավելի մեծ և ծավալուն քրեական գործի սկիզբ կարող է դառնալ։ Նկատում է՝ այս ոլորտում ամենամեծ խնդիրը ընկերությունների իրական սեփականատերերին հայտնաբերելն է։ Իսկ այս գործի հետևում նախկին իշխանության ներկայացուցիչների մասնակցությունն անխուսափելի է համարում. ֊ «Մենք, գոնե հրապարակային դաշտում գիտենք, որ օրինակ՝ Վարդան Այվազյանը հանքերի լիցենզիաներ էր ստանում չնչին կոպեկներով ու 25 միլիոնով մի լիցենզիան վաճառեց չինական ինչ֊որ մի ընկերության։ Հիմա պատկերացրեք, թե քանի էդպիսի պաշտոնյա կլինի ու ես կասկածում եմ, որ Վարդան Այվազյանը մեկ այլ ավելի բարձրասիճան պաշտոնյայի ներկայացուցիչ է եղել։ Իր անունով եղած բան է։ Իսկ թելերը շատ-շատ վերև են տանում։ Այնպես որ, ես չեմ կասկածում, որ դա բացահայտվելու է։ Վաղ թե ուշ բացահայտվելու է»։
ՏՄՄՊՀ ներկայացուցիչ Գնել Ալավերդյանը հավելում է՝ իրավապահ մարմինների գործողությունների շնորհիվ պետք է պարզվի՝ ինչ ճանապարհներով են մեկ ընկերության տիրապետության տակ հայտնվել բազմաթիվ ընկերություններ. - «Ի դեպ, նշեմ, որ կան ևս 13 ընկերություններ, որոնք այս պահի դրությամբ պատկանում են այդ միջնորդ ընկերություններին: Հնարավոր է՝ այդ ընկերությունները նույնպես արժանանան նույն ճակատագրին, այսինքն՝ դրանց սեփականատերերը հայտնվեն մեկ ընկերության տիրապետության ներքո: Այնուհանդերձ նշեմ, որ բոլոր գործարքները իրականացվել է պետական բոլոր մարմիններում գրանցման միջոցով, այսինքն՝ դրանք օֆիցիալ գործարքներ են։ Եվ այս տեսանկյունից մեզ մտահոգում է այդ օրինաչափության խնդիրը, միտումը, որ այս ընկերությունները ինչ-ինչ ճանապարհներով հայտնվում են մեկ ընկերության տիրապետության կամ կառավարման ներքո»:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ այս պահին այլ մանրամասներ չեն կարող հաղորդել, կատարվում են մեծածավալ ակտիվ քննչական գործողություններ։