Օրերս Հայաստանի Գրողների միությունում տեղի ունեցավ ԳՄ 19-րդ համագումարը, որի ընթացքում ստեղծագործական այս միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը: Ընտրվեց նաև միության նախագահության և վարչության նոր կազմ:
Ինչպես հայտարարվեց, բոլորը միասին պետք է նպաստեն հայ ժամանակակից գրականության և գրականագիտության զարգացմանը: Համագումարի ավարտից հետո փորձեցի պարզել գրողներից ոմանց կարծիքը հետևյալ հարցի վերաբերյալ՝ ի վերջո որո՞նք են այսօր հայ ժամանակակից գրականության հրատապ խնդիրները:
Բանաստեղծ, գրականագետ Թադևոս Տոնոյան․ «Մեզանում գրականագիտության խնդիր կա: Գրաքննադատություն ինչ-որ չափով կա, բայց գրաքաննադատությունից ավելի կարևոր խնդիր ունենք՝ գրականագիտությունը: Այն այսօր վակուումի մեջ է, գրականագիտության մեջ շարունակվում է այն պրակտիկան, երբ շփոթում են գրականության պատմություն առարկան գրականագիտության հետ։ Այս պատճառով մենք այսօր կանգնած ենք կոտրած տաշտակի առաջ»:
Բանաստեղծ, թարգմանիչ Ներսես Աթաբեկյան․ «Մենք հիմա մի վիճակում ենք, երբ կան գրական ստեղծագործություններ, բայց չկա գրական պրոցես: Դրա մեղքը գրաքննադատությանն է, որովհետև այն աշխատում է նոմենկլատուրային սկզբունքով: Այսինքն՝ կան գրողների տարբեր խմբեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գրաքննադատը, որոնք ներկայացվում են: Բայց դա ընդհանուր պրոցես չի դառնում: Այնպես, ինչպես քննարկումների դեպքում, որոնք մեզանում վերածվել են շնորհանդեսների»:
Բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսից էլ հետաքրքրվեցի՝ պետությունն ի՞նչ կերպ կարող է խթանել գրականության զարգացումը: «Ժամանակակից գրականության զարգացումը պետական ոչ մի կառույցի հետ բացարձակապես կապ չունի: Ժամանակակից գրականության զարգացման, տարածման համար պետք է Հայաստանում հրատարակչական գործը լավ կազմակերպվի՝ վերացվեն այն բոլոր պայմանները, որոնք գիրքը, դրա տպագրությունը դարձնում են թանկ, խանգարում են գրքի վաճառքին և այլն: Պետք է դյուրինացնել տպագրությունն ու գիրքը ընթերցողին հասցնելը»,- ասաց Հակոբ Մովսեսը:
Your browser doesn’t support HTML5