Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի քրեական գործում ներգրավված փաստաբանները կարծում են, որ երկու օր առաջ դատարանում խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի աղմկահարույց հայտարարությունը չի կարող փոխել դատաքննության ընթացքը:
Խմբի առանցքային անդամ Պավլիկ Մանուկյանը չորեքշաբթի օրը դատարանում պնդեց, որ ՊՊԾ գնդում ձեռքից վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի վրա կրակել է ոչ թե սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանը, այլ խմբի մեկ ուրիշ անդամ՝ ներկայումս ազատության մեջ գտնվող Էդվարդ Գրիգորյանը։ Մանուկյանը նաև հայտարարեց, թե գնդի տարածքում գտնվող բանկոմատը կոտրել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ կրկին ազատության մեջ գտնվող Մխիթար Ավետիսյանը։ Վերջինս, ի դեպ, Պավլիկ Մանուկյանի կնոջ եղբայրն է։
Մինչդեռ «Սասնա ծռերի» մեկ այլ առանցքային անդամ Վարուժան Ավետիսյանն ասաց, թե Մանուկյանի հայտարարությունները զինված խմբի տեսակետը չեն արտահայտում և իրենց հետ համաձայնեցված չեն։
Զինված խմբի մեկ այլ անդամի՝ Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իր համար Մանուկյանի հայտարարությունն անսպասելի էր․ - «Այս պահին, կարծում եմ, այդ հայտարարությունը որևէ նշանակություն չի կարող ունենալ, սակայն իր հայտարարությունները կամ իր ցանկությամբ՝ իր ցուցմունքները, եթե նման ցանկություն կունենա, դատավարության համապատասխան փուլում, բնականաբար կարող է քննարկման առարկա դառնալ»:
Փաստաբանը նշում է, որ սովորաբար ամեն հայտարարություն չէ, որ դատարանը արժանավահատ կարող է համարել։ - «Եթե մեղադրանքին չվերաբերող կամ իրականությանը չհամապատասխանող կամ գործից չբխող հայտարարություն, տեղեկություններ են հայտնվում, դրանք կարող է ուղղակի քննարկման առարկա չդարձվել, դատարանը դրանք կարող է անտեսել», - պարզաբանեց Պապիկյանը: - «Անձը իրավունք ունի, իր իրավունքների պաշտպանության առումով, կատարել հայտարարություններ կամ որոշել ցուցմունք տալ: Այլ բան է, որ՝ դատարանը ինչպես դրան ուշադրություն կանդրադարձնի: Եթե դա չի բխում գործի նյութերից կամ չի համապատասխանում իրականությանը կամ դատարանի գնահատմամբ արժանահավատ չէ, ապա դատարանը դա կարող է խորհրդակցական սենյակում ընդհանրապես քննարկման առարկա չդարձնել»:
«Սասնա ծռերի» գործում ներգրավված ևս երկու փաստաբան՝ Տիգրան Եգորյանն ու Մուշեղ Շուշանյանը ևս կարծիք են հայտնել, որ Մանուկյանի հայտարարությունները չեն կարող էական նշանակություն և ազդեցություն ունենալ գործի ընթացքի կամ զինված խմբի անդամների խափանման միջոցները փոխելու միջնորդությունների վրա։
«Երբ դատավարությունը կհասնի Պավել Մանուկյանի հայտարարության մեջ մատնանշված փաստական հանգամանքների քննության փուլին, նա կարող է այդ փաստերի վերաբերյալ ցուցմունք տալ, որի արժանահավատությունը կգնահատվի գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ համադրելու, ստուգելու ճանապարհով»,- գրել են փաստաբանները Շուշանյանի ֆեյսբուքյան էջում։
«Սասնա ծռերի» մեկ այլ անդամ՝ Էդվարդ Գրիգորյանը, ում մասին խոսել էր Պավլիկ Մանուկյանը, անցած նիստին ասել էր, որ Մանուկյանը սխալ տեղեկատվության է տիրապետում։ Այսօր նա չցանկացավ անդրադառնալ այդ թեմային: - «Էդ հարցում չենք քննարկում, ոչ մի հարցազրույց չենք տալիս», - հայտարարեց Գրիգորյանը:
«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը ևս չցանկացավ խոսել։ - «Առայժմ, ինչպես տեղյակ եք, ես հարցազրույցներ չեմ տալիս: Հուսով եմ՝ շուտով կլինի և ամեն ինչի մասին կխոսենք», - նշեց նա:
Ի դեպ, դատարանն այսօր կալանքից ազատ արձակեց «Սասնա ծռերի» ևս երկու անդամի՝ Գևորգ Իրիցյանին և Թաթուլ Թամրազյանին։
Իրիցյանը, պատասխանելով հարցին, թե իշխանափոխությունից առաջ էլ է իր փաստաբանը միջնորդություն ներկայացրել կալանքից ազատ արձակել իրեն՝ հաշվի առնելով առողջական վատ վիճակը, բայց դատարանը մերժել է այն, ինչու հիմա նման որոշում կայացվեց, ասաց․ - «Պահը չէր, ես ըտենց եմ հասկանում: Պահն եկելա, ուրեմն պըտի բոլորս էլ դուրս ելնենք»:
Նա անդրադարձավ նաև Պավլիկ Մանուկյանի հայտարարությանը․ - «Չգիտեմ՝ գժվելա մարդը: Որ պահեն՝ վաղը ուրիշն էլ մի բան կբլթցնի: Էտի գժությունա»:
«Ազատության» հարցին, թե ինչ է պատրաստվում ձեռնարկել Գլխավոր դատախազությունը Պավլիկ Մանուկյանի հայտարարությունների կապակցությամբ, խոսնակ Արևիկ Խաչատրյանը փոխանցեց, որ, դա եղել է ուղղակի հայտարարություն, որը դատավորն ընդունել է ի գիտություն:
«Երբ Մանուկյանը նման ցուցմունք կտա, դատական քննության ընթացքում դա քննության և գնահատականի կարժանանա», - ասաց գլխավոր դատախազի խոսնակը: