Երևանում շուրջ 4 տարի աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ հայցում է քաղաքացիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար:
Հաղորդագրությունում նշվում է, որ ընկերությունն անում է ամեն հնարավորը՝ իրավիճակը կարգավորելու համար:
«Սանիթեք»-ը, Երևանի բոլոր վարչական շրջանների ակտիվ աջակցությամբ, փորձում է հնարավորինս շուտ վերադառնալ աղբահանության բնականոն գործընթացին, ինչի հետևանքով իրավիճակը սկսել է արդեն նկատելիորեն կարգավորվել», - հայտնում է ընկերությունը՝ շարունակելով. - «Հարկ ենք համարում անդրադառնալ նաև վերջին շրջանում մամուլում տարածում գտած այն մտքին, որ «Սանիթեք»-ը սաբոտաժ է անում և չի իրականացում պատշաճ աղբահանություն՝ պայմանավորված Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականով: Հիշեցնում ենք, որ «Սանիթեք»-ը միջազգային կազմակերպություն է, որը չի մասնակցում երկրի որևէ ներքաղաքական գործընթացի: Ընկերության միակ առաքելությունը մարդկանց սպասարկելն է»։
Նշենք, որ ընկերության աշխատանքը վերջին շրջանում չի գոհացնում երևանցիներին. կուտակված աղբն օրերով, չի հեռացվում, իսկ զանգերն ու բողոքներն ընկերության թեժ գծին՝ մնում են անպատասխան։