ԸՕ փոփոխման շուրջ այսօր ևս կոնսենսուս չկայացավ, կոշտ բանավեճ ծավալվեց տեսախցիկների հետ կապված

Երևանյան ընտրատեղամասերից մեկում, արխիվ

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ կոնսենսուսի գալու փոխարեն այդ հարցով այսօր ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման մասնակիցները բավական կոշտ կերպով բանավիճեցին:

Քննարկումների ընթացքում հայտնի դարձավ, որ Եվրամիության մի քանի միլիոն դոլարի ֆինանսավորմամբ ձեռք բերված տեսախցիկները, որոնք նախատեսված էին տեղամասերը վերահսկելու համար, նախկին իշխանությունները հանել են դպրոցներից ու տրամադրել տարբեր կառույցների, մինչդեռ հիմա նրանք պնդում են՝ արդար ընտրությունների անցկացման համար Փաշինյանի իշխանությունը պետք է ապահովի տեղամասերից ուղիղ հեռարձակումը։

«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն ապօրինի համարեց տեսախցիկները այլ կառույցների նվիրաբերելու փաստը։ Նրա հայտարարությունը բարկացրեց հանրապետական Դավիթ Հարությունյանին: «Շատերդ հիմա քաղաքական գնահատական տալու գայթակղություն ունեք, ես անընդհատ փորձում եմ ձեռնպահ մնալ դրանից»,- ասաց Հարությունյանը, Մարուքյանին հակադարձելով, որ նախկին իշխանությունը հիշյալ տեսախցիկները ապօրինի կերպով չի տրամադրել այլ կառույցների:

Նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններին Եվրամիության տրամադրած մոտ 3 միլիոն դոլարի աջակցությամբ շուրջ 1500 տեղամասերում տեսախցիներ տեղադրվեցին, որոնց միջոցով այդ տեղամասերում քվեարկության ընթացքն ուղիղ հեռարձակվեց: Տեսախցիկները տրամադրվել են բացառապես պետական մարմիններին, պարզաբանեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, պնդելով՝ հակաօրինական որևէ բան չկա։ «Խոսքը վեաբերում է միայն պետական մարմիններին: Դուք չեք գտնի անգամ մեկ պետաական ոչ առևտրային կազմակերպություն, որին տրվել են այդ սարքերը»,- պարզաբանեց Հարությունյանը:

Թեև այսօրվա քննարկումը նվիրված էր բացառապես ռեյտինգային ընտրակարգին, Մարուքյանի և Հարությունյանի միջև բանավեճ ծավալվեց նաև այլ թեմաների շուրջ։ Հանրապետականներն առաջարկեցին, որ ընտրություններից առաջ կուսակցությունները հայտարարեն, թե ովքեր են լինելու իրենց նախարարները և հեռուստաբանավեճեր կազմակերպեն։ Էդմոն Մարուքյանն, ի պատասխան, հանրապետականների «կուլիսային» գործելաոճը հիշեց, ասելով՝ ժամանակին ՀՀԿ-ն նման բան չի արել, ոչինչ չի հրապարակել՝ «նույնիսկ վարչապետի թեկնածուի անունը չէիք հրապարակում»:

Ընտրական օրենսդրության փոփոխությունների համար ԱԺ-ում ներկայացված 4 ուժերի համատեղ աշխատանքային խումբն արդեն ավելի քան մեկ ամիս է՝ քննարկում է տարածքային ցուցակների կամ, այսպես կոչված, ռեյտինգային համակարգի վերացման հարցը, ինչն ամրագրված է նաև Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրում։ Բոլոր ուժերն էլ դեմ չեն դրան, բայց համամասնական ընտրակարգի սեփական տարբերակներն ունեն։

Դաշնակցությունն օրինակ առաջակում է ներդնել բաց ցուցակների մոդելը, որի դեպքում ընտրողներն իրենց քվեարկությամբ կորոշեն, թե տվյալ կուսակցությունից ով պետք է պատգամավոր դառնա։ Արմեն Ռուստամյանի այս առաջարկությունը կրկին թեժացրեց քննարկումը։ Էդմոն Մարուքյանը հակադարձեց․ «Դա նշանակում է, որ մենք 2000 ընտրատեղամասերի անդամների համար դասընթացներ պետք է կազմակերպենք»: Մարուքյանի հետ ընդդիմախոսները չհամաձայնեցին:

Կառավարությունն արդեն արտահայտել է իր դիրքորոշումը՝ ընտրակարգը պետք է լինի ամբողջությամբ համամասնական․ ընտրողները պետք է քվեարկեն միայն կուսակցության օգտին։ Ռեյտինգային համակարգի հեղինակ հանրապետականները դեմ չեն դրա վերացմանը, բայց առաջարկում են որևէ այլ եղանակով ապահովել մարզերից պատգամավորներ ընտրելու հնարավորությունը։

Չնայած կոնսենսուսի բացակայությանը, կառավարությունում և ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խմբերը ցանկանում են արդեն սեպտեմբերին խորհրդարանի դատին ներկայացնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մեկ միասնական նախագիծ ու պատրաստվել արտահերթ ընտրությունների: Դրանք, ըստ կառավարության ծրագրի, պետք է անցկացվեն մինչև 2019 թ․ մայիսը։

Խորհրդարանի այսօրվա քննարկմանն, ի դեպ, ներկա չէր ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որի նախօրեին արած արտահայտությունը մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության շրջանում։ Հանրապետականի ներկայացուցիչը նախորդ քննարկմանը, կառավարության ընտրական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի ելույթի ժամանակ, դիմելով կուսակցին, ասել էր․ «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»: Այդ արտահայտությունը տեսանյութերում լսելի էր դարձել:

«Մերժիր Արփինեին» կարգախոսով այսօր բողոքի ակցիա էր նախատեսվել ԱԺ-ի դիմաց, որը, սակայն, չկայացավ։ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իր արտահայտություններն ուղղված չէին որևէ մեկի դեմ, այդուհանդերձ, ներողություն խնդրելով Դանիել Իոաննիսյանից: ԱԺ փոխնախագահն այսօր տեղեկացրել էր, որ չի մասնակցելու քննարկմանը, քանի որ մեկնում է նախապես ծրագրված հանգստի: