Ֆեյսբուք սոցիալական ցանցում մեծ աղմուկ են բարձրացրել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի արած արտահայտությունները:
Պատգամավորների ու վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի երեքշաբթի օրվա քննարկման թեման ռեյտինգային ընտրակարգն էր, որի շուրջ թեժ բանավեճ ծավալվեց: Համացանցում հայտնված տեսագրությունում լսելի է՝ ինչպես է հանրապետական Արփինե Հովհաննիսյանը Դանիել Իոաննիսյանի ելույթի ընթացքում ասում․ «Մենք 4-ով՝ «Ելք»ը չգիտեմ ոնց, մենք կարանք տանք կոմպրոմիսային տարբերակ, թող գնան քննարկեն, թե չէ էս մտավոր հետամնացի հետ ինչքա՞ն կարանք, լավ, պայքարենք»։
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման տեսագրությունն ու գրել. - «Արփինե Հովհաննիսյանն, ըստ ամենայնի, իմ մասին ասում է, որ «էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»: Ազգային Ժողովի փոխնախագահը երևի չեր պատկերացնում, որ ուղիղ եթերում է: Բայց սյուռն այն է, որ այդ հանդիպումից հետո Արփինեն ինձ շատ ընկերական ոճով պատմում էր, թե ինչ լավ է վերաբերվում ինձ:))))»:
Իոաննիսյանն իր գրառումը եզրափակել էր՝ ակնկալում է հրապարակային ներողություն կամ պարզաբանում, եթե խոսքերն իրեն չէին ուղղված:
Արփինե Հովհաննիսյանը, կրկին ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել էր Դանիել Իոաննիսյանին՝ «խոսքերն իրականում վերաբերում էին քննարկման ընթացքում ստեղծված անհասկանալի իրավիճակին (պարզ չէր ի վերջո ինչի մասին է քննարկումը), և որը իրականում հիշեցնում էր նկարագրածս երևույթը (գուցե անհաջող եմ ձևակերպել)։ Եթե հասկացվել է անձնավորված, ցավում է և հայցում ներողամտություն։ կարծիք էր հայտնել՝ ավելորդ լարվածություն ստեղծելու կարիք չկա, համարել ու համարում է, որ Դանիելի հետ լավ հարաբերություններ ունեն»:
Իոաննիսյանին, այնուհանդերձ, Հովհաննիսյանի գրառումը չէր համոզել։ «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ինքը թերահավատորեն է վերաբերվում Հովհաննիսյանի տված բացատրությանը: - «Ճիշտն ասած՝ ես ակնկալում եմ, որ ազնվությամբ ասվի, թե դա ում մասին էր և ում մասին որ ասվել է՝ ներողություն խնդրի: Որովհետև ես վստահ եմ, որ դա ինչ-որ մարդու մասին էր ասված և ոչ թե իրավիճակի», - ընդգծեց Իոաննիսյանը:
Արփինե Հովհաննիսյանը «Ազատությանը» միայն ասաց՝ վերահաստատում է իր նախորդ գրառումը՝ ինքը Իոաննիսյանին նկատի չի ունեցել, եթե անձնավորված է ընդունվել, հայցում է նրա ներողամտությունը:
Ֆեյսբուքյան օգտատերերի արձագանքը շատ բուռն էր տարածված տեսանյութին՝ մեծամասամբ քննադատական, թե Արփինե Հովհաննիսյանը պաշտոնյային ոչ հարիր արտահայտություններ է արել: Եղան նաև հատուկենտ օգտատերեր, որ գնահատեցին Հովհաննիսյանի «հայցած ներողամտությունը»:
Միջադեպը չվրիպեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների աչքից։ «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան» նախաձեռնել է ԱԺ փոխնախագահի արտահայտությունները դատապարտող հայտարարություն, որով, ինչպես «Ազատությանը» փոխանցեց կոալիցիայի քաղաքական ջատագովության համակարգող Վարդինե Գրիգորյանը, պահանջելու են նաև ԱԺ-ում ձևավորել պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով՝ քննարկելու Արփինե Հովհաննիսյանի վարքագիծը:
Վարդինե Գրիգորյանն, ի դեպ, նաև վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ է: Գրիգորյանի խոսքով՝ «մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք» արտահայտությամբ Արփինե Հովհաննիսյանը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորել, իսկ ֆեյսբուքում տարածած իր արդարացմամբ հաստատել է այն: - «Ինքը իր արդարացումով ավելի է հաստատում այդ խտրական վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ: Ինքը ցույց է տալիս, որ չի էլ գիտակցում, որ այդ արտահայտությունը վիրավորական է, ինքը գիտակցում է, որ հաշմանդամություն ունեցող համարելը ինչ-որ մեկին՝ դա վիրավորական է: Ես կակնկալեի, որ ինքը ասեր, որ իրոք այդ արտահայտությունը վիրավորական էր, անկախ նրանից՝ ինչպես և ինչ եմ ուզեցել ասել ու ընդունում եմ դա, ներողություն եմ խնդրում»:
«Հաշմանդամություն ունեցող անձանց վիրավորելու միտում ընդհանրապես չեմ ունեցել, եթե համարում են, որ այդ եզրույթն օգտագործելով ես նրանց վիրավորել եմ, հայցում եմ նրանց ներողամտությունը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։