Արարատի նախկին մարզպետները փոխադարձաբար հերքում են մեղադրանքները

Ալիկ Սարգսյան, արխիվ

Արարատի նախկին երկու մարզպետները միմյանց դեմ բողոք են ներկայացրել իրավապահներին, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ՝ կաշառք ստանալու և շորթման հատկանիշներով։

Հայաստանի նախկին ոստիկանապետ, 2000-2008 թվականներին Արարատի մարզը ղեկավարած Ալիկ Սարգսյանն է հաղորդում ներկայացրել Քննչական կոմիտե՝ հայտարարելով, որ իրենից հետո՝ մինչև 2012-ը մարզը ղեկավարած Վարդգես Հովակիմյանը 2012 թվականից սկսած արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60 հազար դոլար։

Իրավապահները բացատրության են կանչել Արարատի նախկին մարզպետ ՀՀԿ-ական Վարդգես Հովակիմյանին, որն էլ հաղորդում է տվել այն մասին, որ դեռևս 2008 թվականին գումար է փոխանցել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ իր նախկին աշխատակցի որդուն ոստիկանության համակարգում աշխատանքի ընդունելու համար։

Ըստ Հովակիմյանի, գումարը տվել են, բայց Սարգսյանն այդպես էլ աշխատանքի չի ընդունել այդ անձին ու գումարն էլ հետ չի վերադարձրել։

«Ազատության» հետ զրույցում հանրապետական պատգամավոր Ալիկ Սարգսյանը հերքում է Հովակիմյանի պնդումը, թե կաշառք է վերցրել նրանից՝ ծանոթին աշխատանքի ընդունելու համար։

«Իհարկե որևիցե մեկը թող կասկած չունենա, որ սա ապատեղեկատվություն է, որը հետագայում պարզ կդառնա, մեղավորը կպատժվի։ Որևիցե մեկը թող չկասկածի էն վարքագծի համար, որը ես դրսևորել եմ իմ ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում, դրա մեջ երբեք չեն եղել սև, մութ էջեր, երբեք չեն եղել, թող հանգիստ ապրեն իրենց համար, և ով էլ փորձի, նույն ձև պատժվելու է», - ասաց Սարգսյանը։

Վարդգես Հովակիմյան, արխիվ

Հովակիմյանն «Ազատության» հետ զրույցում առանց գումարի չափ նշելու պնդեց՝ ինքը գումար է տվել Սարգսյանին, բայց նա չի կատարել խոստումը, և ինքը ստիպված է եղել այդ գումարն իր սեփական գրպանից վերադարձնել ծանոթին։ Հովակիմյանի խոսքով՝ այժմ այդ գումարն է հետ պահանջում Սարգսյանից։

«Այո, ես ուրիշ բան չեմ ուզում իրանից։ Այսօր ես չեմ վախենում ինձ դատելու, դատվելու մասին, ես իր կատարած ապօրինությունների համար եմ դիմում, որ էդ բոլոր ապօրինություններն ի հայտ գան։ Իր ոստիկանապետ աշխատած ժամանակահատվածում ինքն ինչքա՞ն մարդ է ընդունել աշխատանքի արտաշատցիներին՝ Արարատի մարզից, չկա մարդ, որ գումար վերցրած չլինի», - ասաց Վարդգես Հովակիմյանը։

Հովակիմյանը կարճ խոսեց մեզ հետ, փոխարենն առաջարկեց ընթերցել օրեր առաջ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված իր նամակը։

Ծավալուն նամակում շարադրելով Ալիկ Սարգսյանի, իր պնդմամբ, հարուստ ունեցվածքի մասին, Վարդգես Հովակիմյանը նշում է, թե նա Արարատի մարզում հարուստ է անգամ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից։

«Պարոն նախագահ, Ալիկ Սարգսյանը ոստիկանության համակարգում երբևէ աշխատած ամենակոռումպացված պաշտոնյան է», - գրում է Հովակիմյանը և նշում, թե ժամանակին, երբ մտերիմ է եղել նրա հետ, միջնորդություններ է կատարել։

«Քանի որ Ալիկ Սարգսյանն աշխատանքի տեղավորման որևէ գործ չէր անում առանց կաշառքի, ես նրան եմ փոխանցել այն գումարները, որոնք նա պահանջել է աշխատանքի խնդրատուներից», - Սերժ Սարգսյանին ուղղված նամակում գրում է Արարատի նախկին մարզպետ Հովակիմյանը։

Շարունակելով ուշագրավ բացահայտումները՝ Հովակիմյանը գրում է. - «Ալիկ Սարգսյանը կաշառքի չափը նշելիս հստակեցնում էր, թե գումարի ո՞ր մասն է տալու Ձեզ՝ որպես նախագահի բաժին, և ո՞րն է պահելու իրեն: Ի դեպ, եթե հավատալու լինենք այս թալանչի ոստիկանապետին, գումարի մեծ մասը նա հանձնում էր Ձեզ: Մի դեպքում էլ նա ինձանից գումար խնդրեց՝ Ձեզ նվեր անելու համար: Նրա վարորդը եկել է իմ տուն և տարել գումարը: Պարոն նախագահ, անձնական զրույցի ժամանակ պատրաստ եմ նշել այն մարդկանց անունները, ում համար միջնորդել եմ Ալիկ Սարգսյանին, և այն գումարների չափը, որ նրանց կողմից փոխանցել եմ Ալիկ Սարգսյանին»։

Հովակիմյանը նաև գրում է, որ տարբեր մարդկանց միջոցով և Ալիկ Սարգսյանին ուղղված նամակներով պահանջել է վերադարձնել այդ գումարները։ «Սակայն միակ պատասխանը եղել է սպառնալիքը, որ եթե շարունակեմ հետ պահանջել այդ գումարները, կսպանի ինձ», - գրում է Հովակիմյանը։

Իր հերթին, Ալիկ Սարգսյանը՝ հերքելով իր կողմից կաշառք վերցնելու դեպքերի մասին Հովակիմյանի պնդումները, ասում է՝ վերջինս իրեն է մեղադրում մարզպետի պաշտոնից ազատվելու համար, ինչը իրականությանը չի համապատասխանում, և հենց դա է պատճառը, որ իր դեմ է տրամադրված:

«Քրեական գործ է հարուցվել, որով գնացել է դատարան՝ շորթում, պաշտոնական դիրքի չարաշահում և այլն։ Էդ գործը հարուցվել է իմ օրոք, որ ես եմ եղել ոստիկանապետը, թեկուզ սկզբնական նյութերում իր անունն ընդհանրապես չի եղել, հետո է ինքը հայտնվել, որպես ակտիվ գործող անձ էդ քրեական գործի շրջանակներում։ Ինչ-ինչ պատճառներով, ձևերով, հայտնի մեթոդներով ազատվել է պատասխանատվությունից, չի դատվել։ Ամեն դեպքում, սա կապում է իմ հետ, իր բոլոր անհաջողություններն ու ձախողումները՝ անձնականից սկսած, մինչ՝ պաշտոնական, բոլորը կապում է ինձ հետ, որ ես տարիներ շարունակ նրան հետապնդել եմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը։

Սարգսյանը նկատի ունի տարիներ առաջ հարուցված քրեական գործը, երբ, ըստ DataLex պաշտոնական կայքէջի, այն ժամանակվա մարզպետ Վարդգես Հովակիմյանը մեղադրվել է պաշտոնական անփութության մեջ՝ տարբեր ընկերությունների կողմից պետբյուջեի գումարները ծախսելու համար։ Դատարանը, սակայն, արդարացրել է Հովակիմյանին։

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ հենց հիմա դիմեց իրավապահներին, և արդյո՞ք դա կապ ունի նոր իշխանությունների հետ, Ալիկ Սարգսյանը պատասխանեց․ - «Չեմ ուզում հիմա կապեմ նոր իշխանությունների հետ, նրանք կապ չունեն, բայց որ ինքը դա կապում է նոր իշխանությունների հետ, որ «հեսա նոր իշխանություն է եկել, ինքը չվարկաբեկվելու համար, նոր իշխանությունների տեսադաշտում չհայտնվելու համար, կբերի, էդ փողը կտա...», նրա ամբողջ հույսն էդ է եղել, բայց չի կարող այդպիսի բան լինել, դա հերյուրանք է, զրպարտանք է և լուրջ շորթման ցանկություն է եղել, որը չի իրագործվելու՝ ի պատիվ իրեն, և դրա համար ինքը դատապարտվելու է»։

Նշենք, որ Քննչական կոմիտեն այս գործն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: