ԱԱԾ տնօրենը ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնելու վերջնական որոշում չունի, բայց ցանկություն ունի

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, արխիվ

«Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնելու վերջնական որոշում դեռևս չունեմ, այդ հարցը պետք է քննարկենք», - այսօր կառավարության նիստից առաջ լրագրողներին ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ֆուտբոլ սիրում եմ», - խոստովանեց Վանեցյանը՝ հավելելով․ - «Ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնելու վերջնական որոշում չունեմ, բայց չեմ թաքցնի՝ ցանկություն ունեմ և մտածում եմ այդ ուղղությամբ: Պատրաստ եմ առաջադրվել, կընտրվեմ, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, կառաջադրվեմ, եթե այսօրվա ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները ինձ հավաստիացնեն, որ դեմ չեն, որ ես լինեմ ֆեդերացիայի նախագահ»:

ԱԱԾ տնօրենը նաև տեղեկացրեց, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսներում ստուգումներ չեն իրականացրել: Հարցին, թե արդյոք պայմանավորվածություն եղե՞լ է, որ ԱԱԾ-ն ստուգումներ չի անում՝ պայմանով, որ Հայրապետյանն էլ հրաժարվում է ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, Արթուր Վանեցյանն արձագանքեց, թե նման բան չի կարող լինել: Թե ինչու է Հայրապետյանը պատրաստվում հրաժարվել այդ պաշտոնից, Վանեցյանը խորհուրդ տվեց հետաքրքրվել հենց նրանից:

Ռուբեն Հայրապետյանը երկու օր առաջ ասել է, որ եթե սեպտեմբերին ֆեդերացիայի նախագահի ընտրության ժամանակ Արթուր Վանեցյանը առաջադրվի, ինքը չի առաջադրվի: