Ադրբեջանի նախագահը վաղը Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի իշխանությունների հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, Բրյուսել, 12-ը հուլիսի, 2018թ․

Նիկոլ Փաշինյանի և Էմանյուել Մակրոնի հանդիպումից մեկ շաբաթ անց Իլհամ Ալիևը մեկնում է Փարիզ:

Ըստ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների, վաղը Ալիևը Ֆրանսիայի մայրաքաղաքում պաշտոնական հանդիպումներ կանցկացնի այդ երկրի իշխանությունների՝ մասնավորապես նախագահ Մակրոնի հետ. սա կլինի երկու առաջնորդների առաջին հանդիպումը:

«Այդ հանդիպումը հնարավորություն կտա ցուցադրելու մեր հարաբերությունների կատարելությունը, երկկողմ քաղաքական հարաբերությունների ամրությունը, մասնավորապես՝ մեկ անգամ ևս կհաստատվի Ֆրանսիայի ակտիվությունը Մինսկի խմբում», - ըստ APA գործակալության՝ ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը:

Թե ինչ օրակարգ կունենա Ադրբեջանի նախագահը Եվրամիության անդամ Ֆրանսիայում, որը նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման երեք միջնորդներից մեկն է, առայժմ հայտնի չէ: Ենթադրվում է, որ երկկողմ հարաբերություններից զատ, նա ֆրանսիական իշխանությունների հետ կքննարկի նաև ղարաբաղյան հարցը:

Այցի նախօրեին Բաքվից արդեն իսկ Էմանյուել Մակրոնին ուղղված կոչեր են հնչում՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը անդրադառնալ Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրներին: Ադրբեջանցի մի խումբ հայտնի իրավապաշտպաններ, լրագրողներ և ազդեցիկ կազմակերպությունների ներկայացուցիչներ նամակով դիմել են Ելիսեյան պալատի ղեկավարին՝ մտահոգություն հայտնելով շուրջ հարյուր լրագրողների, ընդդիմադիրների, բլոգերների, ակտիվիստների՝ ադրբեջանական բանտերում գտնվելու կապակցությամբ:

Նամակի հեղինակները Մակրոնին հիշեցնում են ընդդիմադիր առաջնորդ Իլգար Մամեդովի մասին, ով 2014 թվականից մինչ օրս ճաղերի ետևում է՝ չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապօրինի է ճանաչել նրա ձերբակալությունը: Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Ֆրանսիայի նախագահին խնդրում են Ալիևին կոչ անել «ազատ արձակել Մամեդովին և մյուս քաղբանտարկյալներին, ովքեր ճաղերի ետևում են հայտնվել իրենց ազատ արտահայտվելու իրավունքից օգտվելու համար»:

Մինչ Ելիսեյան պալատը ականջալուր կլինի նամակում հնչած կոչերին կամ չի լինի, ֆրանսիական մամուլն արձագանքում է: Երկրի ամենահեղինակավոր պարբերականներից մեկը համարվող «Լիբերասիոն»-ը Ալիևի այցին ընդառաջ հրապարակած ծավալուն հոդվածում անդրադառնում է նրա ռեժիմին՝ շեշտելով, որ «Եվրամիությունը Բաքվի հետ հարաբերություններում բիզնեսը վեր է դասում մարդու իրավունքներից»: Թերթը գրում է, որ «Բրյուսելը սովոր է աչք փակել Ալիևի ռեժիմի հանցագործությունների վրա»: