ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պաշտպանել է Վրաստանի իրավունքը՝ որոշելու՝ միանալ արդյոք Հյուսիսատլանտյան դաշինքին, ընդգծելով, որ անընդունելի է պաշտոնական Մոսկվայի ճնշումը Թբիլիսիի վրա:
«Ռուսաստանն իրավունք չունի որոշել՝ ինչ պետք է անեն հարևան պետությունները: Վրաստանն ինքնիշխան պետություն է, և ժողովուրդն իրավունք ունի ընտրել իր ուղին», - ասել է Ստոլտենբերգը Բրյուսելում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Իր հերթին, Բախտաձեն վստահեցրել է, որ «Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ուղղված չէ որևէ մեկի դեմ»:
Անցած շաբաթ Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի ժամանակ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ «Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, և դաշինքի անդամները անում են հնարավորը, որ դա տեղի ունենա հնարավորինս սեղմ ժամկետներում»: