Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատը հավանություն է տվել Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Այս մասին երեկ ուշ երեկոյան Ֆեյսբուքում գրել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Համայնքների պալատը հուլիսի 11-ին էր հավանություն տվել Հայաստան-ԵՄ համաձայնագրին և այն փոխանցել Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման:
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանը և Եվրոպական միությունը ստորագրել են անցած տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Հայաստանի խորհրդարանը այն միաձայն վավերացրել է ապրիլի 11-ին, ԵՄ անդամ երկրներից մինչ այժմ համաձայնագիրը վավերացրել էին Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Բուլղարիան, փաստաթղթին հավանություն է տվել նաև Եվրախորհրդարանը:
Հունիսի 1-ից համաձայնագիրը մասնակիորեն ուժի մեջ է մտել: