Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է` Հայաստանն ունի բիզնես գրավչության խնդիր, և բնական է, որ ամերիկացի ներդրողները դեռ չեն շտապում Հայաստան։
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը երեկ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ ամերիկյան խոշոր նոր ներդրումների մասին խոսելը դեռ վաղ է։
Բադալյանը նկատում է՝ Հայաստանում սպասումները չափազանցված են։
«Մենք ունենք մի համակարգ, որտեղ շատ ահռելի դեր ունեն ռուսական խոշոր կորպորացիաները, որտեղ որ հնարավոր է խոշոր ներդրում, և նաև Հայաստանի տեղի, այսպես ասած, քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները, և այս տեսանկյունից այնքան էլ բաց չեն դաշտերը, որ խոշոր ներդրումները հոսեն Հայաստան։ Սա օբյեկտիվ իրավիճակ է, և իհարկե նաև շատ կարևոր է, թե նոր կառավարությունը տնտեսական ինչպիսի քաղաքականություն է վարելու, ինչքանով է ինստիտուցիոնալ կոռուպցիայի դեմ պայքարը, ինչքանով է արդարադատության համակարգը կայանալու, և, իհարկե, նաև տնտեսական մյուս խաղի կանոնները, որոշումները՝ հարկային դաշտ և այլն, էս ամեն ինչը չափազանց կարևոր է, և հիմա առայժմ պատասխանները շատ քիչ են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը։
Հայաստանում ԱՄՆ դեսպանը նաև շեշտել է, որ հնարավոր ներդրողների համար կարևոր է, թե կառավարությունն ինչ լուծում կտա ամերիկա-բրիտանական «Լիդիան» ընկերության կողմից ոսկու հանքավայրի շահագործման խնդրին։
Ամուլսարի ոսկու հանքը շահագործել ցանկացող «Լիդիան»-ը, չնայած բազմաթիվ հավաստիացումներին, որ շրջակա միջավայրին վնաս չի հասցնի, չի կարողանում հանքի տարածքում աշխատանքներ իրականացնել, քանի որ մի խումբ բնապահպաններ և շրջակա համայնքների բնակիչներ շաբաթներ շարունակ փակ են պահում դեպի հանք տանող ճանապարհները:
Քաղաքական մեկնաբանն ասում է՝ սա ցավոտ խնդիր է նոր կառավարության համար։
«Բավական հակասական իրավիճակ է. մի կողմից` քաղաքացիները պահանջում են բնապահպանություն և այլն, պահանջում են էդ վտանգները չեզոքացնելու համար փակել հանքը և այլն, մյուս կողմից` կառավարությունը նման որոշման գնալու համար, եթե նույնիսկ ինքը չի տվել էդ հանքի շահագործման իրավունքը, նման որոշման գնալու համար պետք է ունենա ծանրակշիռ պատճառներ, փաստեր, հակառակ դեպքում «Լիդիան»-ը միջազգային դատարանում կարող է վիճարկել, և Հայաստանը կարող է հայտնվել մեծ ֆինանսական պարտավորությունների տակ», - ասաց Բադալյանը։
Նա բնական է համարում, որ թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Եվրամիությունը չեն շտապում ավելացնել Հայաստանին տրվող օժանդակության չափը։
«Ազատության» հետ զրույցում ԱՄՆ կառավարական գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիսերն ասել էր, թե Հայաստանին ուղղված օժանդակության ավելացման շուրջ քննարկումներ են սկսվել։
Բրյուսելում եվրոպական կառույցների ու պետությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Եվրամիությունից դեռևս միայն ողջունող հայտարարություններ են լսվում, սակայն քաղաքականության մեջ որևէ շոշափելի փոփոխություն չկա։
Օրեր առաջ Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին արձագանքել էր այս հայտարարությանը։ «Հայկական կողմից մենք լսում ենք, որ Եվրամիության ուղղությամբ Հայաստանի քաղաքականության մեջ փոփոխություն չկա: Դուք հիմա ասում եք, որ Եվրամիության վերաբերյալ Հայաստանի քաղաքականության անփոփոխ մնալը պետք է հանգեցնի Հայաստանի վերաբերյալ Եվրամիության քաղաքականության փոփոխության: Կարո՞ղ եք ինձ բացատրել՝ ինչպես է հնարավոր համատեղել այս երկուսը: Իսկ եթե ավելի լուրջ, ապա մեզ անհրաժեշտ են հստակ գաղափարներ, հստակ ակնկալիքներ, և մենք պատրաստ ենք քննարկել», - օրերս հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր Հայաստանում Եվրամիության դեսպանը:
Հակոբ Բադալյանը բնական է համարում, որ թե՛ Եվրամիությունը, թե՛ Միացյալ Նահանգները չեն շտապում ֆինանսական մեծ օժանդակությունների կամ նոր առաջարկների, նախագծերի հարցում։
«Սա իհարկե բնական է, բոլորն ուզում են տեսնել, թե նոր կառավարությունն իրենից ինչ է ներկայացնում, բայց մյուս կողմից՝ տարօրինակ է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունը որևէ կերպ առարկայորեն շատ թե քիչ չի արտացոլվում Արևմուտքի գործողություններում։ Հայաստանում ի վերջո տեղի է ունեցել փոփոխություն՝ նախկին իշխանությունը, որի վերաբերյալ հենց Արևմուտքն ուներ, մեղմ ասած, բազմաթիվ հարցեր, հիմա էս համակարգը հեռացվել է ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության միջոցով և ձևավորվել է ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն՝ դա արդեն փոփոխություն է, և էս փոփոխությունը գործնական փոփոխություն է, և գործնական փոփոխությունը ենթադրում է, որ նաև դրա հանդեպ վերաբերմունքը ինչ-որ կերպ պետք է գործնականորեն փոխվի», - ընդգծեց քաղաքական մեկնաբանը։