Այսօր Բաքվում, Ադրբեջանի և Իտալիայի նախագահների հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան ասել է, որ Իտալիան ԵԱՀԿ-ն նախագահելու շրջանակներում աջակցություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը:
«Մենք ցանկանում ենք, որ բանակցային ձևաչափը փոփոխելու փոխարեն, ընդհակառակը՝ բանակցություններում գտնվեն նոր ուղիներ տարածաշրջանում անվտանգություն ապահովելու համար: Մեր կարծիքով՝ այդ հակամարտությունը պետք է լուծվի ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով», - ասել է Իտալիայի նախագահը, նշելով, որ կարգավորումը պետք է լինի կայուն, երկարատև և միջազգային նորմերի շրջանակներում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նշելով, որ ԵԱՀԿ-ն ներկայումս նախագահում է Իտալիան, ասել է. - «Մենք հուսով ենք և համոզված ենք, որ Իտալիան՝ որպես ԵԱՀԿ-ն նախագահող երկիր, ակտիվ դեր կխաղա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»: Նա կրկնել է Բաքվի կողմից բազմիցս հնչեցված մոտեցումները, թե հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ալիևն ասել է, թե տարածաշրջանում կայունություն, խաղաղություն և լայնածավալ համագործակցություն կհաստատվի միայն «հայկական զորքերը գրավյալ շրջաններից դուրս բերելուց հետո»:
Իտալիայի նախագահը պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել հուլիսի 17-ին: Նրա այցի մանրամասները հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ակնկալվում է նաև Իտալիայի նախագահի այցը Երևան: Այս ամսվա սկզբին Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին երկօրյա պետական այցով Հայաստան է ժամանելու Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան: Նույն օրը Հայաստանի նախագահի նստավայրում տեղի կունենա Արմեն Սարգսյանի և Սերջիո Մատարելլայի հանդիպումը:
Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ, կհյուրընկալվի Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:
Սերջիո Մատարելլայի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։