Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի առաջադրման հարցը քննարկելու և վերլուծելու կարիք ունի, ինչից հետո ԱԱԾ ղեկավարը կներկայացնի իր դիրքորոշումը: Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը:
Նա նշեց, որ այս պահին Վանեցյանը ձեռնպահ է մնում իր դիրքորոշումը հրապարակելուց:
Երեկ տեղեկություն էր տարածվել, որ հրավիրվել է ՀՖՖ գործադիր մարմնի արտահերթ նիստ, ու Ռուբեն Հայրապետյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: ՀՖՖ մամուլի խոսնակ Տիգրան Իսրայելյանն «Ազատության» հետ զրույցում հերքել էր Հայրապետյանի հրաժարականի մասին լուրը։
Ռուբեն Հայրապետյանը նույնպես ՀՖՖ գործկոմի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հրաժարական չի տալիս: Միաժամանակ, նա ասել է, որ եթե սեպտեմբերին ֆեդերացիայի նախագահի ընտրության ժամանակ Արթուր Վանեցյանը առաջադրվի, ինքը չի առաջադրվի: