ԱՄՆ-ը Թուրքիային համոզում է S-400-ի փոխարեն Patriot գնել

Patriot տեսակի ամերիկյան արտադրության հրթիռային համակարգը, արխիվ

Միացյալ Նահանգները Թուրքիային փորձում է համոզել ռուսական արտադրության S-400 (C-400) տեսակի հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի փոխարեն գնել ամերիկյան արտադրության Raytheon Patriot տեսակի համակարգեր:

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով փոխքարտուղարի պաշտոնակատար Թինա Քեյդենաուն Անգլիայում ընթացող Ֆարնբորուի միջազգային օդային ցուցահանդեսում ասել է, թե ամերիկացիները թուրքերի հետ քննարկում են Patriot տեսակի հրթիռների հնարավորությունների և առավելությունների հարցը:

Թուրքերը երկու անգամ հրաժարվել են Patriot-ներից, նախ ասելով, թե ցանկանում են չինական հրթիռներ ձեռք բերել, ապա հայտնելով, թե նախընտրում են ռուսական համակարգերը:

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաները բազմիցս Անկարային զգուշացրել են, որ ռուսական արտադրության հրթիռային համակարգերն անհամատեղելի են արևմտյան արտադրության զինատեսակների հետ:

ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունել է օրենք, որն արգելում է Lockheed Martin F-35 տեսակի կործանիչների վաճառքը Թուրքիային այն դեպքում, եթե թուրքերը որոշեն գնել ռուսական հրթիռային համակարգները: