«Հիմա շատերն ասում են՝ գնացեք փակեք հանքը: Գնանք փակենք հանքը առանց որևէ հիմնավորմա՞ն․․․ Ամենաթողությունը հենց էդ ժամանակ ա սկսվում: Ձեզ թվում ա, ամենաթողություն սկսողները ամենաթողությունը սկսելիս ասում են, որ մենք ամենաթողությո՞ւն ենք սկսում: Չէ: Իրանք ասում են, որ գիտեք ինչ, այ, հանուն բարձր նպատակների․․․ մի քայլ, երկու քայլ, երեք քայլ․․․ և էդպես: Էսօր ուղղակի վարչապետի կամքով Ամուլսարն ենք փակում, հաջորդ օրը վարչապետի կամքով մի ուրիշ գործարան կփակենք, երրորդ օրը վարչապետի կամքով մի լրատվամիջոց կփակենք, կսկսենք մարդկանց փակել», - հավելել է Փաշինյանը:
Միաժամանակ, վարչապետը հիշեցրեց, որ բնապահպանական տեսչությունը ստուգումներ է սկսել Ամուլսարում, իշխանությունները քննում են ստեղծված իրավիճակը, մինչդեռ բնապահպանները բողոքի ակցիաներով պահանջում են չշահագործել հանքը․ - «Մեր կառավարությունը կոնկրետ ժառանգել է իրավիճակ, երբ որ միջազգային բորսայում ներկայացված ընկերությունը իրականացրել է մոտավորապես 400 միլիոն դոլարի, իրենց պնդմամբ, ներդրում: «Լիդիան Արմենիա» ընկերությունն ասում ա՝ ձեր երկրի կառավարությունը մեզ էս թույլտվությունը տվել ա, էկել ենք ներդրում ենք արել․․․ Հույս ունեմ, որ մենք լուծում կգտնենք: Ես էլի ցավում եմ, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը համենայն դեպս իմ այցի շրջանակներում կառուցողական մոտեցում չցուցաբերեց»:
Բնապահպանները, «Լիդիան Արմենիա» ընկերության ղեկավարությունը և վարչապետը Ջերմուկում համաձայնության չէին եկել ժամանակավորապես կասեցնել աշխատանքները հանքավայրում մինչև լուծումը գտնվի:
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մտահոգված է առաջին հերթին բնապահպանական խնդիրներով․ - «Եթե Ամուլսարի գործընթացը սկսվեր իմ վարչապետ դառնալուց հետո, ես միանշանակ դեմ կարտահայտվեի և թույլ չէի տա, որ այդ ծրագիրը սկսվեր: Ոչ թե նրա համար, որ կարծում եմ, որ ընդհանրապես հանքարդյունաբերություն Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի: Այն նրա համար, որ կարծում եմ, որ աբսուրդ է Հայաստանի առողջարանային կենտրոններից մեկի տարածքում հանքարդյունաբերություն ձևավորել, ինչպիսին էլ լինի էդ հանքարդյունաբերությունը»:
Առանց անուններ տալու, վարչապետ Փաշինյանը ասաց, որ դժգոհ է իրավապահ համակարգի որոշ օղակներից, մասնավորապես, թե ինչպես են պայքարում կոռուպցիայի դեմ․ - «Չեն ապացուցի իրենց էֆեկտիվությունը կոռուպցիայի դեմ պայքարում և ընդհանրապես օրինականության համար պայքարում, ես շատ երկար չեմ սպասի և կիրականացնեմ լրջագույն կադրային փոփոխություններ: Որևէ մեկը չմտածի․․․ էդ միտումը կա, որ մի երկու ամիս նստենք, սպասենք, երևի վարչապետը, բոլորը կմոռանան, թե էս ինչ հաշիվ էր, էս ինչի համար են հավաքվել, մենք էլի կամաց-կամաց կտեղավորվենք, էն հին ձևերով կսկսենք աշխատել: Տենց բան չի լինելու, նրանց հուսախաբություն է սպասվում: Ոչ միայն կազատվեն աշխատանքից, այլև օրենքի և օրինականության կողմից հուժկու հարված կստանան»:
«Թեև հրադադարի ռեժիմի խախտումները չեն ավելացել, բայց ռազմաքաղաքական իրավիճակը լարված է», - երեկ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով Բաքվից հնչող ագրեսիվ հայտարարությունները․ - «Զինված ուժերին իմ հրամանը հետևյալն է․ որ մենք պետք է ծայրահեղ զգոն լինենք և պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից ցանկացած պրովոկացիայի ցանկացած պահի: Շփման գծի երկայնքով ունենք ադրբեջանական որոշ ստորաբաժանումների կուտակումներ: Այդպիսի իրավիճակ մենք ունեինք նաև ապրիլյան պատերազմից առաջ: Նրանց մարտավարությունն էն է, որ էդ կուտակումները էնքան սովորական դառնան, որ մենք դրանք չնկատելու տանք, և մենք դա պետք է հաշվի առնենք: Եվ Նախիջևանի ուղղությամբ մենք ունենք որոշակի ապակառուցողական գործողություններ Ադրբեջանի կողմից»:
Նիկոլ Փաշինյանին դժգոհել էին «Վեոլիա» ընկերությունից՝ հաճախակի ջրանջատումներ, ջրի վատ որակ: Վարչապետն ասաց, որ զբաղվել է այս հարցով․ - ««Վեոլիա ջուրը» փորձում է հավաստիացնել, որ այդ խնդիրները, մասնավորապես Երևանում հաղթահարվել են, բայց իրականում ես տեղյակ եմ, որ այդպես չէ: Վերջերս ես հանդիպում ունեցա «Վեոլիա» ընկերության տարածաշրջանային տնօրենի հետ, կառավարությունում ընդունեցի նրան, և անկեղծ ասած, բավականին լուրջ խոսակցություն տեղի ունեցավ: Ես ասացի, որ մենք բազմաթիվ վերապահումներ ունենք ընկերության գործունեության հետ կապված և հույս ունեմ, որ ընկերությունը լրջորեն կվերանայի իր գործելակերպը Հայաստանի Հանրապետությունում»:
Վարչապետի փոխանցմամբ, տարբեր գնահատականներով խմելու ջրի 60-70 տոկոսը կորչում է: Այստեղ, ըստ Փաշինյանի, կարող են լինել կոռուպցիոն ռիսկեր և վատ կառավարում:
Ֆեյսբուքի օգտատերերի հարցերին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ չի կարող լինել որևէ լուրջ ահազանգ, որ մնա առանց ուշադրության․ - «Ասենք՝ վայ, էս մեր թիմից ա, էս մեկը մեր ընկերոջ ընկերն ա, էս մեկի հետ մենք աղուհաց ենք կիսել, կամ էս մեկի հետ ինչ-որ կապերով կապված ենք և պետք ա ինչ-որ բանի վրա աչք փակենք: Ես ձեզ հավաստիացնում եմ՝ որևէ բանի վրա աչք չի փակվելու: Ես եթե էս սկզբունքը դնում եմ իմ ընտանիքի անդամների համար, համոզված եղեք՝ ուրիշ մեկի պարագայում որևէ այլ սկզբունք չի կարող գործել»: