Ֆրանսիան՝ ֆուտբոլի աշխարհի կրկնակի չեմպիոն

Ֆրանսիայի հավաքականը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն, Մոսկվա, «Լուժնիկի» մարզադաշտ, 15-ը հուլիսի, 2018թ.

Ֆրանսիայի հավաքականը երկրորդ անգամ նվաճեց ֆուտբոլի աշխարհի գավաթը և դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն:

Աշխարհի 21-րդ առաջնության եզրափակիչում կիրակի երեկոյան Ֆրանսիայի ընտրանին 4:2 հաշվով հաղթեց Խորվաթիայի թիմին: Ֆրանսիացիներից գոլերի հեղինակներ դարձան Անտուան Գրիզմանը՝ 38-րդ րոպեին, 11-մետրանոցից, Պոլ Պոգբան՝ 59-րդ, և Կիլիան Մբապեն՝ 65-րդ րոպեին, խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացել էր խորվաթ Մարիո Մանջուկիչը՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը: Խորվաթիայի գոլերը խփեցին Իվան Պերիշիչը՝ 28-րդ, և Մարիո Մանջուկիչը՝ 69-րդ րոպեին:

Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությունում մինչև եզրափակիչը Ֆրանսիայի հավաքականը տարել էր 5 հաղթանակ՝ Ավստրալիայի, Պերուի, Արգենտինայի, Ուրուգվայի և Բելգիայի թիմերի նկատմամբ, և միայն մեկը՝ Դանիայի հավաքականի հետ, ավարտել ոչ-ոքի, խփել է 14 գնդակ, սեփական դարպասն ընդունել 6-ը:

Այսօրվա հանդիպմանը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում հետևում էին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ովքեր ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ մասնակցեցին աշխարհի գավաթի և առաջնության մյուս մրցանակների շնորհման արարողությանը:

Ֆրանսիան առաջին անգամ աշխարհի չեմպիոն է դարձել 1998 թվականին: