Թաթոյանը «խիստ մտահոգիչ է» համարում Գարեգին Բ-ի տեղաշարժը սահմանափակելու և սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները

Մարդու իրավունքների պաշտպան
Արման Թաթոյան խիստ մտահոգիչ է համարում Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու և սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները։ Այդ մասին Թաթոյանը գրել է Պաշտպանի ֆեյսբուքյան էջում։

«Ոստիկանությունը պարտավոր է շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու և անհրաժեշտ ընթացք տալու համար», - գրել է Թաթոյանը։

Երեկ Վեհափառ Հայրապետի ուխտի էր մեկնել Գնդեվանք, որտեղ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներն արգելափակել էին նրա տեղաշարժը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. ֊ «Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր պետին վտանգ է սպառնում։ Սույն գործողությունները դատապարտելի են և այլևս պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»։

Ավելի ուշ Տեր Վահրամ Մելիքյանը տեղեկացրել էր, որ Վայոց ձորի մարզում շրջափակման մեջ հայտնված Ամենայն Հայոց Կաթողիկոսը դուրս է բերվել շրջափակումից և կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։