Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության հայտարարում է, որ հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին թեկնածու չի առաջադրելու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։
Խմբակցության այսօր տարածած հայտարարությունում մասնավորապես ասված է․ - «Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։
Խորապես համոզված ենք, որ, ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի հետագա բնականոն և շարունակական զարգացումը ապահովելու նպատակով, նոր քաղաքապետին և ավագանու անդամներին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները»։
Երեկ Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը հայտարարեց Երևանի քաղաքապետի թեկնածու չառաջադրելու մասին`պարզաբանելով, որ «2017 թվականի մայիսին տեղի ունեցած ավագանու ընտրությունները անցել են բազմաթիվ խախտումներով, բռնության բազմաթիվ դեպքերով, նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս ավագանին որպես քաղաքային իշխանություն այլևս չի արտացոլում իրական ուժերի վերաբաշխվածությունը, «Ելք» դաշինքը քայլ է կատարում ուղղված ավագանու արտահերթ ընտրություններին»։
Ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունն առաջադրել է խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը։
Յոթ տարի Երևանը ղեկավարած հանրապետական քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսին 9-ին հրաժարական տվեց՝ առանց բացատրելու որոշման դրդապատճառը:
Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հուլիսի 16-ին։