ԱՄՆ-ն մեղադրանք է առաջադրել Ռուսաստանի ռազմական հետախուզության 12 աշխատակցի

Միացյալ Նահանգները մեղադրանք է առաջադրել Ռուսաստանի ռազմական հետախուզության (ГРУ) 12 աշխատակիցների` 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու համար: Այս մասին հուլիսի 13-ին հայտնել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենստեյնը: Նրանք մեղադրվում են հաքերային հարձակումների միջոցով հազարավոր փաստաթղթեր գողնալու, հրապարակելու մեջ, մասնավորապես դեմոկրատական կուսակցության համակարգիչներից:

Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հանձնաժողովի հրապարակած եզրակացությունում նշված են մեղադրվող անձանց անունները: Ռոդ Ռոզենստեյը Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացված է Ռուսաստանի ռազմական հետախուզության աշխատակիցների դեմ մեղադրանք հարուցելու մասին: Նրան այդ մասին հայտնել են եվրոպական այցի մեկնարկից առաջ:

Մոսկվան կտրուկ հերքում է ընտրություններին միջամտելու պնդումները և խստորեն քննդատել է ГРУ-ի 12 աշխատակիցներին մեղադրանք առաջադրելու որոշումը: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե Վաշինգտոնը ցանկանում է վերակենդանացնել ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հին, կեղծ մեղադրանքները: Ռուսաստանի ԱԳՆ-ն գտնում է, որ նոր մեղադրանքների նպատակը ռուս-ամերիկյան գագաթաժողովից առաջ մթնոլորտը փչացնելն է:

Թրամփ-Պուտին հանդիպումը կայանալու է հուլիսի 16-ին՝ Հելսինկիում: