ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում հրապարակվել է Արցախի ԱԳՆ փաստաթուղթը հուշարձանների վերաբերյալ

Լեռնային Ղարաբաղ - Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Շուշիում, արխիվ

Այս շաբաթ ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում հրապարակվել է Արցախի արտաքին գործերի նախարարության հուշագիրը՝ Արցախում և Ադրբեջանում պատմության և մշակույթի հուշարձանների վիճակի վերաբերյալ։

Ավելի վաղ Արցախի ԱԳՆ հուշագիրը՝ որպես պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է ՄԱԿ-ում, ինչպես նաև ԵԱՀԿ-ում և Եվրոպայի խորհրդում։

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ փաստաթղթում ընդգծվում է, որ Արցախի տարածքում բոլոր ճարտարապետական հուշարձաններն Արցախի սեփականությունն ու ժառանգություն են, ներառված են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և գտնվում են պետության պահպանության տակ։

Արցախը կամավոր հիմունքներով պատասխանատվություն է ստանձնել, որը բխում է Եվրոպական մշակութային կոնվենցիայից, Հնագիտական ժառանգության պահպանության մասին Եվրոպական կոնվենցիայից և Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայից՝ համապատասխան վավերագրերն ուղարկվել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին 2014 և 2015 թվականներին։ Ստանձնած պարտավորությունների համաձայն` յուրաքանչյուր տարի Արցախի իշխանությունների կողմից միջոցներ են հատկացվում պատմական հուշարձանների պահպանության նպատակով՝ անկախ դրանց ծագումից, ասված է հուշագրում:

«Փաստաթղթում փաստեր են ներկայացվում, որոնք հերքում են Ադրբեջանի մեղադրանքները՝ Արցախի տարածքում մահմեդական հուշարձանների իբրև ոչնչացման վերաբերյալ։ Հուշագրում նշված է, որ կեղծ մեղադրանքներից բացի Ադրբեջանը որևէ ապացույցներ չի ներկայացնում և փորձում է իր իսկ մոտեցումներն ու գործողությունները վերագրել հայկական կողմին։ Այս համատեքստում ընդգծված է, որ խորհրդային ժամանակահատվածում և պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ոչնչացվել են Արցախի տարածքում գտնվող հայկական 167 եկեղեցիներ, 8 վանական համալիրներ և 123 գերեզմանատներ։ Այսօր նույնպես Ադրբեջանը շարունակում է հայկական հուշարձանների ոչնչացման նպատակաուղղված քաղաքականությունն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Ավելին, խաղաղ ժամանակ ադրբեջանական իշխանություններնամբողջությամբ կամ մասնակի ոչնչացրել են բոլոր հայկական պատմական և մշակութային հուշարձանները Նախիջևանում, որտեղ 20-րդ դարի վերջին կային թվով 218 հայկական քրիստոնեական վանքեր, եկեղեցիներ, զանգակատներ, ավելի քան 4500 խաչքարեր և միայն 6 մզկիթներ», - ասված է հաղորդագրությունում:

«Փաստաթղթում մտահոգություն է հայտնվում Ադրբեջանի իշխանությունների փորձերի կապակցությամբ՝ Արցախում եկեղեցիների կառուցումը մեկնաբանել որպես միջազգային մարդասիրական իրավունքի խախտում և այն օգտագործել՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու համար։ Այս համատեքստում ընդգծված է, որ Միջազգային մարդասիրական իրավունքի մեջ չկա որևէ դրույթ, որը սահմանափակի կրոնի ազատության իրավունքի իրացումը, այդ թվում` եկեղեցիների կառուցումը։ Հայերը սկսել են եկեղեցիներ կառուցել ավելի քան 1700 տարի առաջ՝ մինչ Ադրբեջանի հայտնվելը», - նշված է հաղորդագրությունում:

«Արցախի դիրքորոշմամբ՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կրոնական չէ, բայց իրենից ներկայացնում է երկու արժեհամակարգերի բախում, որն արտահայտվում է Արցախի կողմից՝ ազատության և ժողովրդավարության ձգտման, իսկ Ադրբեջանի կողմից՝ Արցախի ժողովրդին իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքից ուժի միջոցով զրկելու փորձի մեջ», - հաղորդում է Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ հուշագիրը ներառում է նաև բազմաթիվ լուսանկարներ, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների նպատակաուղղված ոչնչացման և պղծման մասին: