Լոռու մարզպետարանը նախկին շրջանի համեմատ ավելի շատ դրամական օգնություն է հատկացնում, «բայց խնդիրները մնում են»

Լոռու մարզի գյուղերից մեկում, արխիվ

Լոռու ԲՀԿ-ական մարզպետ Հրանտ Մարգարյանը հունիսին մարզպետարանի բյուջեից 2 միլիոն 730 հազար դրամի չափով օգնություն է հատկացրել 172 քաղաքացու։ Դա 645 հազար դրամով ավելի է, քան նախկին հանրապետական մարզպետի կողմից մայիսին հատկացվածը։

Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հունիսին նույն նպատակով մարզպետարանի բյուջեից 1 միլիոն 375 հազար դրամ է ծախսել՝ կիսով չափ պակաս, քան Լոռու մարզպետի ծախսածը։ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանն ասում է․ «Սահմանված կարգով տրվում է ֆինանսական օգնություն մարզպետի ֆոնդից։ Ընդամենը քաղաքացին դիմում է մարզպետին, խնդրում է սոցօգնություն»։

Մարզպետարանները պետական բյուջեից տարեկան 30 միլիոն դրամ են ստանում, որն ընդունված է կոչել՝ մարզպետի ֆոնդ։ Մարզպետներն այդ գումարն իրենց հայեցողությամբ տրամադրում են որպես դրամական օգնություն։ Մարզպետարանների կայքէջերում ամեն ամիս առնվազն 7-8 որոշման մասին տեղեկություններ են տեղադրվում՝ քաղաքացիներին տարբեր չափերի օգնություն տրամադրելու մասին։ Ընդ որում, եթե մյուս բոլոր մարզպետարանները մարզպետի որոշմանը կից հրապարակում են նաև դրամական օգնություն ստացողների ցուցակները, ապա Լոռու մարզպետարանում երբևէ այդ ցուցակը չի հրապարակվել։ Նշվում է միայն հատկացված ընդհանուր գումարը և քաղաքացիների թիվը։ Այսօր էլ այդ կարգը գործում է։

Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, ով այդ պաշտոնում աշխատել է նաև նախորդ իշխանությունների օրոք, կարծում է, որ դրամական օգնություն ստացողների ցուցակը հրապարակելով՝ կխախտեն նրանց անձնական տվյալների գաղտնիության իրավունքը: «Բոլոր մարզպետարանները խախտումով են հրապարակում»,- ասում է նա:

Նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը պաշտոնը թողնելու նախօրեին որոշում էր կայացրել աշխատակազմի ղեկավարին 110 հազար դրամի օգնություն հատկացնելու մասին։ Նարեկ Սարգսյանը մարզպետի մեկ այլ որոշմամբ էլ ևս 100 հազար դրամի օգնություն էր ստացել դրանից 15 օր առաջ՝ մայիսի 14-ին։ Մարզպետարանի կայքում հրապարակված այդ որոշումների տեքստում դրամական օգնություն ստացողի՝ Նարեկ Սարգսյանի անունը նշված է առանց ընդգծման, որ նա մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն է։ «Ես կարող եմ մարզպետից ուզել մանկատանը հատկացնելու համար»,- պարզաբանում է Սարգսյանը: Իսկ թե ինչու մարզպետի որոշման մեջ չի նշվել, որ գումարը հատկացվում է հենց մանկատանը կամ որևէ այլ հաստատության, Նարեկ Սարգսյանն այսպես է բացատրում՝ գումարն ստանալու ավելի կարճ ճանապարհ են ընտրել։

Արդեն մոտ մեկուկես ամիս պաշտոնավարող՝ Լոռու ԲՀԿ-ական մարզպետ Հրանտ Մարգարյանը երեկ քաղաքացիների հերթական ընդունելությունն էր անցկացնում, որին պաշտոնական տվյալներով գրանցվել էր մոտ 100 քաղաքացի։ Մարզպետարանի աշխատակազմի երկու տարվա ղեկավար Նարեկ Սարգսյանը, ով դրանից առաջ էլ մոտ 10 տարի ղեկավարել է մարզպետարանի բաժիններից մեկը, «Ազատությանն» ասաց, որ իրենց դիմող քաղաքացիների թիվը կտրուկ աճել է։ «Նախորդ իշխանությունների հետ հույս չէին կապում»,- հավելեց նա:

Ջրաշեն գյուղի բնակչուհի Ռոզա Ալավերդյանը տարիներ շարունակ բնակարանի խնդրով դիմել է մարզպետարան: Այս անգամ ևս նա եկել էր մտավախությամբ, թե կրկին 10 հազար դրամ կտան ու կճանապարհեն։ «Ողորմություն են տալիս»,- դժգոհեց կինը: Լեռնապատ գյուղի բնակիչ Լյուդմիլա Բաբայանն էլ մարզպետարանի ընդունելությունների սենյակից դուրս եկավ չփարատված մտահոգությամբ: Նա թերահավատ էր, թե տարիներ շարունակ կուտակված խնդիրները հնարավոր կլինի արագորեն լուծել։ Մարզպետը նրան էլ էր դրամական օգնություն խոստացել։

Վանաձորի բնակիչներից մեկն էլ, ով իր տան քայքայված կտուրի հարցով մեկ ամիս առաջ էլ էր դիմել մարզպետին ու ընդամենը 10 հազար դրամ ստանալով, տուն վերադարձել, նույն հարցով դարձյալ մարզպետարանում էր․ «10 հազար դրամը խնդիրս չի լուծել, ավելի լավ ա չտայիք...»,- ասաց նա: