Թրամփը լոնդոնյան այցը սկսել է Մեյի հասցեին քննադատությամբ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բլենհեյմ պալատում ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, 12-ը հուլիսի, 2018թ․

Հինգշաբթի օրը պաշտոնական այցով Մեծ Բրիտանիա ժամանած Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ում պատվին հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպվել, հարցազրույց է տվել բրիտանական The Sun պարբերականին և քննադատել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի` «Բրեքզիթ»-ի հետ կապված մի քանի կարևոր որոշումներ:

Նախագահ Թրամփն ասել է, որ վարչապետ Մեյը չի հետևել իր խորհուրդներին՝ կապված Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս բերելու բանակցությունների շուրջ մոտեցումների հետ: «Նա ընտրել է այլ ճանապարհ: Չեմ կարող ասել, որ շատ հաջող է: Սակայն Մեյը որևէ այլընտրանք, ամենայն հավանականությամբ, իր համար չի տեսել», - ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփի կարծիքով՝ Մեյի ընտրած «Բրեքզիթ»-ի «փափուկ» տարբերակը ենթադրում է պահպանել Եվրամիության հետ լայն տնտեսական շփումներ, ինչն էլ բացասաբար կանդրադառնա ամերիկա-բրիտանական առևտրի զարգացման վրա: Թրամփը նկատի ունի ներկայիս առևտրային վեճերը Միացյալ Նահանգների և Եվրամիության միջև, որոնք կարող են անդրադառնալ նաև Մեծ Բրիտանիայի վրա, եթե վերջինը պահպանի իր ակտիվ ներկայությունը Եվրամիությունում:

ԱՄՆ նախագահը բացասական գնահատականներ է հնչեցրել նաև Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանի հասցեին՝ ասելով, թե նա «չի կարողացել պայքարել ահաբեկչության սպառնալիքի դեմ»: Մեկնաբանելով բրիտանական մայրաքաղաքում իր այցի դեմ բողոքի ակցիաները՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է. - «Լոնդոնը ինձ դուր էր գալիս, բայց արդեն պատճառ չեմ տեսնում այցելելու»:

Անդրադառնալով Բորիս Ջոնսոնին, ով վարչապետի հետ տարաձայնությունների արդյունքում հրաժարական տվեց Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի պաշտոնից, Թրամփը համոզմունք է հայտնել, թե «այդ քաղաքական գործիչը օժտված է երկրի հիանալի ղեկավարի բոլոր տվյալներով»: