Ժամանակն է, որ ԱՄՆ-ն ֆինանսապես աջակցի ժողովրդավարացող Հայաստանին․ Էնթընի Բարսամյան

«Ամերիկայի հայկական համագումարի» համանախագահ Էնթընի Բարսամյան, Երևան, 11-ը հուլիսի, 2018 թ․

Հայկական թավշյա հեղափոխությունից հետո ժամանակն է, որ Միացյալ Նահանգներն աջակցի Հայաստանի նոր կառավարությանը՝ ֆինանսական ներդրումներ ներգրավելով, կարծում է «Ամերիկայի հայկական համագումարի» համանախագահ Էնթնի Բարսամյանը:

ԱՄՆ-ում գործող հայկական ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկի ղեկակար ներկայացուցիչ Բարսամյանն «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ընդգծեց՝ նախկինում գործարարները Հայաստանում ներդրում չէին կատարում, քանի որ վստահություն չունեին բիզնես միջավայրի նկատմամբ:

«Եթե ես խոսեի իմ [ԱՄՆ-ի] կառավարության հետ, նրանց կասեի՝ սկսեք ոգեշնչել գործարարներին, որ նրանք ներդրումներ կատարեն Հայաստանում: Ստեղծեք այնտեղ աշխատատեղեր, պարգևատրեք Հայաստանին՝ տարածաշրջանում միակ ժողովրդավար երկիրը լինելու համար: Վրաստանը լավ առաջընթաց է գրանցել, բայց ես կարծում եմ, որ Հայաստանը կանի ավելին, քանի որ ունի կառավարություն, որն իրապես պայքարում է կոռուպցիայի դեմ»,- ասաց Էնթնի Բարսամյանը:

ԱՄՆ-ում հայտնի իրավաբանական ընկերություններից մեկը ղեկավարող Բարսամյանի խոսքով՝ Միացյալ Նահանգները մշտապես մեծ սպասելիքներ է ունեցել Հայաստանում ժողովրդավարության զարգացումից: Հիմա, ըստ նրա, հայ-ամերիկյան նոր հարաբերություններ են զարգանում: «Հիմա, երբ Հայաստանը հասել է անհրաժեշտ նշաձողին, Միացյալ Նահանգները պետք է աջակցի [Հայաստանի] ժողովրդավարությանը: Իսկ ինչպե՞ս են աջակցում ժողովրդավարությանը: Եվրոպացիները, ամերիկացիները, ռուսները, բոլորը պետք է գան ու ներդրում կատարեն Հայաստանում, Հայաստանը բաց է բիզնեսի համար»,- շարունակեց «Ամերիկայի հայկական համագումարի» համանախագահը:

Բարսամյանի կարծիքով, շուրջ երկու տարի կարող է պահանջվել՝ Հայաստանը կրկին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում ընգրկելու համար: Միացյալ Նահանգների օժանդակության այդ ծրագրից Հայաստանը դուրս էր մնացել 2008-ի մարտիմեկյան արյունալի իրադարձություններից հետո: «Մենք ուզում ենք ամբողջական փաթեթ: Գուցե դա 1 միլիարդ դոլար լինի, կամ 4 միլիարդ, ինչպես Վրաստանի դեպքում է: Հայաստանը պետք է պարգևատրվի իր ժողովրդարությունը զարգացնելու, կոռուպցիայի դեմ պայքարի, աշխատատեղեր ստեղծելու և տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն ստեղծելու համար: Այժմ մենք առաջատար ենք տարածաշրջանում»,- ասաց Էնթնի Բարսամյանը:

Վերջինիս խոսքով, «Ամերիկայի հայկական համագումարը» նաև աշխատանքներ է ծավալում Միացյալ Նահանգներ-Լեռնային Ղարաբաղ հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ: Կազմակերպության համանախագահի կարծիքով՝ Հայաստանի ժողովրդավարացումը հնարավորություն է՝ փոխելու ղարաբաղյան հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը:

«Եթե Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, ապա նրանք հարձակվում են ժողովրդավարական պետության վրա, այսինքն դիկտատուրան հարձակվում է ժողովրդավար երկրի վրա: Հետևաբար՝ եթե Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը ցանկանում են աջակցել տարածաշրջանում ժողովրդավարությանը, ուրեմն նրանք պետք է զինեն Հայաստանին՝ իրական անվտանգություն ապահովելու համար: Ժողովրդավարություններն անվտանգ լինելու կարիք ունեն, ուստի՝ ես կհորդորեի ԱՄՆ կառավարությանը՝ հնարավորինս աջակցել Հայաստանին, այդ թվում պաշտպանության հարցերում՝ զինատեսակներով, նոր տեխնոլոգիաներով»,- շարունակեց Էնթնի Բարսամյանը:

ԱՄՆ-ում հայկական հարցերով, հատկապես Հայոց ցեղասպանության միջազգայն ճանաչման ուղղությամբ աշխատող ամենամեծ կազմակերպության համանախագահի խոսքով՝ իրենք Հայաստանի նոր կառավարությունից աշխատանքի ուղղություններ չեն կարող ստանալ, բայց պետք է նրանց հետ համակարգված աշխատեն․ «Մենք պետք է ծանոթանանք նախագահի ու վարչապետի առաջնահերթություններին, և երբ նրանք ասեն, թե ինչ ուղղությամբ են շարժվում, մենք կորոշենք, թե ինչ կարող ենք անել Միացյալ Նահանգներում՝ աջակցելու համար: Եթե նրանց պետք է տեխնիկական աջակցություն, ու կդիմեն դրա համար, մենք այդ խնդրանքով կդիմենք ԱՄՆ կառավարությանը»:

Բարսամյանի փոխանցմամբ՝ իրենք ևս պարբերաբար դրամական փոխանցումներ են կատարել «Հայաստան Համահայկական Հիմնադրամին», որի նախկին տնօրենն, ըստ իրավապահների, հիմնադրամի միջոցներն օգտագործել է առցանց խաղատներում: Ամերիկացի գործարարի կարծիքով՝ հիմնադրամը չի տարբերվել հայաստանյան պետական կառույցներից, և եթե այն «չմաքրվի», ապա սփյուռքահայերը չեն ցանկանա առնչվել այդ կառույցին:

«Ես չեմ կարծում, թե դա կազդի Հայաստան եկող նվիրատվությունների վրա: Հիմնադրամի նոր ղեկավարը պետք է լինի թափանցիկ աշխատող, օրենքի գերակայությունը գիտակցող մեկը: Նա պետք է վստահություն ստեղծի Հայաստանում, ինչպես նաև ԱՄՆ հայկական կազմակերպությունների ու համայնքի շրջանում»,- ասաց Էնթնի Բարսամյանը:

Հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժումը մեծ աջակցություն է ունեցել սփյուռքահայության, հատկապես Միացյալ Նահանգների հայ համայնքի շրջանում, նա, այդուամենայնիվ, ընդգծեց՝ իրենք հիմնականում դիտորդի կարգավիճակում են եղել: