Համանախագահները կարևորում են հակամարտության գոտում սադրիչ հռետորաբանությունից խուսափելու անհրաժեշտությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների՝ Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշել են հակամարտության գոտում լարվածության թուլացման և սադրիչ հռետորաբանությունից խուսափելու անհրաժեշտությունը:

Չորեքշաբթի օրը Բրյուսելում առաջին անգամ հանդիպել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Այդ հանդիպմանը մասնակցել են նաև ՄԽ համանախագահները:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպեցին Հայաստանի արտգորնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը»,- իրենց հայտարարության մեջ նշում են միջնորդներն ու արձանագրում՝ «Սա Ադրբեջանում և Հայաստանում կայացած ընտրություններից հետո այս ձևաչափով առաջին բարձր մակարդակի հանդիպումն էր»:

Ըստ համանախագահների, նախարարները մտքեր են փոխանակել առկա իրադրության շուրջ, քննարկել հետագա քայլերը: Միջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ աջակցել կողմերին հիմնախնդրի խաղաղ կարգավորման լուծումը գտնելու հարցում, որը հիմնված կլինի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքների ու ինքնորոշման վրա: «Նախարարները համաձայնեցին համանախագահների հովանու ներքո մոտ ապագայում կրկին հանդիպել»,- նշված է հայտարարությունում: