Փաշինյան․ «Հակակոռուպցիոն պայքարի շարունակականությունը մեր կառավարության հիմնական գերակայություններից է»

Լուսանկարը՝ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջից

Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:

Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարները՝ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների համատեքստում: Յունկերը նշել է, որ հայաստանյան զարգացումների խաղաղ ու ժողովրդավարական բնույթը ոգևորել է իրենց, և պատրաստակամություն է հայտնել շարունակաբար աջակցելու երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախորդ բոլոր տարիներին ցուցաբերված աջակցության համար և հավաստիացրել, որ այսուհետ ԵՄ թե՛ ինստիտուցինոլ, թե՛ ֆինանսական և թե՛ խորհրդատվական աջակցությունը կօգտագործվի առավել նպատակային:

«Հայաստանում արդեն շուրջ երկու ամիս տևող հակակոռուպցիոն պայքարի շարունակականությունը մեր կառավարության հիմնական գերակայություններից է», - ասել է վարչապետը: