Այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև տեղի ունեցած առաջին պաշտոնական հանդիպումն ընդգծեց, որ Ֆրանսիան սատարում է հայ ժողովրդին։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։
«Այս հանդիպմամբ հնարավորություն ընձեռվեց Ֆրանսիային՝ ևս մեկ անգամ վերահաստատել, որ Ֆրանսիան միշտ սատարելու է Հայաստանին, միշտ լինելու է նրա կողքին: Սա հատկապես վերաբերում է ֆրանսիական օժանդակությանը թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, թե՛ Եվրամիությունում»,- ասաց դեսպանը Լաքոտը:
Նրա ընդգծմամբ՝ այն, ինչ գարնանը տեղի ունեցավ Հայաստանում, Ֆրանսիայում չափազանց դրական ընկալվեց, և այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան թավշյա հեղափոխության ընթացքում, նոր թափ են հաղորդում երկու երկների հարաբերություններին։
«Ինչու՞, որովհետև Ֆրանսիայում բոլորը հետևում են բարեփոխումների այն գործընթացին, որոնք իրականացվում են Հայաստանում։ Բոլորին ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ իսկապես շատ հստակ հանձնառություն են ստանձնել Հայաստանի նոր իշխանությունները: Հատկապես վճռական պայքար է ընթանում կոռուպցիայի, օլիգարխիկ ու մենաշնորհային բոլոր կառույցների դեմ։ Իսկ սա շատ կարևոր ուղերձ է Հայաստանի բոլոր գործընկերների համար»,- շարունակեց Ֆրանսիայի դեսպանը։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ երեկ կայացած հանդիպմանը, որին ներկա էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, դեսպանը շեշտեց՝ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, ելքը միայն խաղաղ բանակցություններն են:
«Այս միտքը հայտնեց նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպմանը։ Ֆրանսիական իշխանությունները դրական են արձագանքում հայաստանյան իշխանությունների ցանկացած հայտարարության առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով»,- ասաց Ժոնաթան Լաքոտը։
Ֆրանսիայի դեսպանն այսօր հարկ համարեց ևս մեկ անձամբ հերքել օրերս ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն լուրը, թե իբր Ֆրանսիան չեղարկել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը: Հիշեցնենք՝ ի տարբերություն Ռուսաստանի, Եվրամիության անդամ երկրները և Միացյալ Նահանգները 1990-ական թվականներից էմբարգո են սահմանել Ադրբեջանին և Հայաստանին զենքի վաճառքի նկատմամբ: Հակամարտ կողմերին Արևմուտքը զենք չի վաճառում՝ կանխելու համար իրավիճակի սրացումը և սպառազինությունների մրցավազքը:
«Ֆրանսիան մանրակրկիտ կերպով և բծախնդրորեն հանձնառու է այդ հարցում և հարգում է իր ստանձնած պարտավորությունները: Պարտավորություններ, որոնք բխում են միջազգային իրավունքից, այն է՝ զերծ մնալ և ընդհանրապես չմատակարարել ո՛չ զենք, ո՛չ զինամթերք, ինչը, ենթադրվում է, որն այս պարագայում կարող է օգտագործվել Լեռնային Ղաաբաղում»,- նշեց Ժոնաթան Լաքոթը։
Այս տարվա աշնանը Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որին նախորդելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան և մասնակցությունը գագաթնաժողովին։ Դեսպանը կարծում է, որ աշնանը Երևանում սպասվող այդ գագաթնաժողովը դրական ընթացք կունենա և բացառիկ մթնոլորտում կանցկացվի։
Ջոնաթան Լաքոթն այսօր ասաց նաև, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափությունից հետո ֆրանսիացի գորածարարները հետաքրքված են Հայաստանով և այստեղ ներդրումներ անելու մտադրություն ունեն։ Հավելեց՝ Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած ժողովրդական շարժումն ամբողջովին ճիշտ էր կազմակերված։
«Առաջին հերթին՝ այդ իրադարձությունները ծայրաստիճան խաղաղ մթնոլորտում ընթացան։ Ֆրանսիացի դիտորդների կողմից արձանագրվեց, որ դա իսկապես այնպիսի մի իրադարձություն էր, որը տեղի ունեցավ առանց դրսի կամ կողմնակի ուժերի անմիջական միջամտության։ Իսկ հեղափոխությունից հետո մենք բոլորս զգում ենք՝ հայ ժողովուրդը պահանջատեր է և հանձնառու է՝ իր ձեռքը վերցնել երկրի ապագան»,- ասաց Ժոնոթան Լաքոթը։
Դեսպանն անդրադարձավ նաև ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, ասելով՝ առաջին լավ լուրն այն է, որ խուսափեցին Ֆրանսիա-Անգլիա հանդիպումից: Սակայն կարծում է, որ միշտ էլ վտանգավոր է հանդիպել այնպիսի թիմի հետ, որն արդեն իսկ անակնկալներ է մատուցել։ «Թող հաղթի արժանին ու լավագույնը, միայն թե չլինեն այդ չարաբաստիկ 11 մետրանոցները»,- նշեց դեսպանը։