Իրանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հերքում է ամերիկյան իշխանությունների պնդումները, թե իսլամական հանրապետության հատուկ ծառայությունները երկրի դիվանագիտական ներկայացչությունները օգտագործում են արտերկրում ահաբեկչական գործողություններ կազմակերպելու համար: «Նման մեղադրանքները անհիմն են և անհեթեթ», - հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:
«Իրանի դեսպանատները աշխատում են միջազգային կոնվենցիաների շրջանակներում և զբաղված են այլ պետությունների հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացմամբ: Նման մեղադրանքները իրանական դիվանագիտական կորպուսի դեմ հրահրված հոգեբանական պատերազմի վկայությունն են», - ասել է Ղասեմին:
Ավելի վաղ Թեհրանի հասցեին նման մեղադրաքներով էին հանդես եկել ամերիկյան Պետքարտուղարության ներկայացուցիչները` որպես օրինակ մատնանշելով Բրյուսելում Իրանի դեսպանատան շուրջ ծագած սկանդալը: Բելգիական ոստիկանությունը հայտարարել էր, որ երկրում հավատարմագրված իրանցի դիվանագետներից մի քանիսը կասկածվում են «Մոջահեդին-է-Հալք» ընդդիմադիր կազմակերպության անդամների դեմ հարձակում ծրագրելու մեջ: