Թուրքիայի ազգային արժույթը` լիրան, այսօր նոր հակառեկորդ է սահմանել: Ասիական ֆոնդային բորսաներում իրականացված սակարկությունների ընթացքում լիրայի փոխարժեքը ամերիկյան դոլարի հանդեպ կրկին կտրուկ նվազել է` հասնելով 4.96 լիրա մեկ դոլարի դիմաց ցուցանիշին:
Թուրքական տարադրամի կտրուկ անկումն արձանագրվել է Ռեջեփ Էրդողանի երեկ երեկոյան հնչեցրած հայտարություններից հետո: Թուրքիայի նախագահը մասնավորաբար նշել էր, որ մոտ ապագայում վերաֆինանսավորման տոկոսադրույքը երկրում նվազեցվելու է: «Ֆինանսական շուկայում մենք բազմաթիվ գործիքների ենք տիրապետում: Ես կարծում եմ, որ առաջիկայում տոկոսադրույքները կնվազեցվեն: Համոզված եմ, որ այս հարցում մեզ կաջակցեն ոչ միայն պետական, այլև մասնավոր բանկերը», - ասել էր Էրդողանը:
Ավելի վաղ միջազգային ֆինանսական կառույցները դժգոհում էին, որ Էրդողանի կառավարությունը միջամտում է երկրի ֆինանսադրամական քաղաքականության վրա:
Տարեսկզբից լիրայի փոխարժեքը ամերիկյան դոլարի նկատմամբ նվազել է 22 տոկոսով: