Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդը պաշտոնապես առաջարկել է ՆԱՏՕ-ի անդամներին Մակեդոնիայի հետ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել: Այդ մասին որոշումը ՆԱՏՕ-ի ղեկավարները կայացրել են չորեքշաբթի երեկոյան՝ Բրյուսելում մեկնարկած գագաթաժողովի ընթացքում:
Դաշինքի անդամ 29 պետությունների ղեկավարների կողմից միաձայն ընդունված հռչակագրում դրա հեղինակները ողջունում են Մակեդոնիայի անվան շուրջ Սկոպյեի և Աթենքի միջև կայացված «պատմական որոշումը»:
Մի քանի ամիս առաջ կողմերը հանգուցալուծեցին բալկանյան այս պետության անվան շուրջ ավելի քան 20 տարի շարունակվող վեճը: Դրա համաձայն երկիրն այսուհետ կոչվելու է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն:
Նոր անվանումը պետք է հաստատվի համաժողովրդական հանրաքվեի միջոցով: «Եթե Մակեդոնիայի բնակիչները մերժեն պետության անվանափոխությունն, այդ երկիրը կզրկվի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հնարավորությունից», - հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: