Հայաստանի վարչապետի այցը Բրյուսել մեկնարկեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն։

Այսօր՝ այցի առաջին օրը նախատեսվում է հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։ Այսօր վարչապետը նաև հանդիպում կունենա Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ Նույն օրը նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը Քարնեգիի հիմնադրամում՝ փորձագիտական լայն շրջանակների համար։

Բրյուսելյան այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը վաղը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։ Տեղի կունենա վարչապետի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։

Վաղը նախատեսվում են Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Լատվիայի, Լիտվայի, Իտալիայի նախագահների, Բելգիայի և Հունաստանի վարչապետերի հետ։ Նախատեսվում է նաև Հայաստանի վարչապետի ձեռքսեղմում-հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նույն օրը սպասվում է Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ։

Վարչապետը հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վաղը նա նախ աշխատանքային ճաշ կունենա հայ համայնքի գործարար ներկայացուցիչների հետ, իսկ ավելի ուշ՝ արդեն երեկոյան, տեղի կունենա մոմավառություն և հանդիպում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կվերադառնա հուլիսի 13-ին։ Նախքան Բրյուսելից մեկնելը՝ հուլիսի 13-ին, Հայաստանի վարչապետը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։

Հավելենք, որ Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Բելգիա է ժամանել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ով արդեն այսօր երեկոյան հանդիպում կունենա Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ։