Համաներումը, սակայն չի տարածվի բոլոր կարգազանց վարորդների վրա․ վարչական պատասխանատվությունից չեն խուսափի կեղծ կամ առանց պետհամարանիշերի, ոչ սթափ վիճակում ու առանց ԱՊՊԱ ապահովագրության մեքենա վարելու համար տուգանված վարորդները։
Համապատասխան նախագիծն այսօր քննարկվեց Ազգային ժողովի արտահերթ նիստում։
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ Կառավարությունը պատրաստվում է ներել մոտ 14 միլիարդ դրամի տուգանք, որը վերաբերում է շուրջ 150 հազար վարորդի․ - «Մարդիկ, ովքեր որ 2012 թվականից մինչ այժմ չեն վճարել տուգանքները, ում հաշիվների նկատմամբ կալանք է կիրառված և նրանք չեն կարողանում օգտվել այլ ծառայություններից: Մասնավորապես՝ ստանալ վարկեր և այլն: Ուստի այս համաներումը բավականին կբարելավի մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական վիճակը»:
Կողմ լինելով համաներմանը՝ ՀՀԿ-ական պատգամավորներն այսօր այդուհանդերձ քննադատեցին Կառավարության ներկայացրած նախագիծը՝ նշելով, թե այն թերի է:
Հայկ Բաբուխանյանը հարց բարձրացրեց՝ արդյո՞ք անարդար չէ արդյոք այս նախաձեռնությունը այն մարդկանց նկատմամբ, ովքեր տարիներ շարունակ բարեխղճորեն վճարել են տուգանքները․ - «Այնպես չլինի, որ մեր երկրում այն քաղաքացիները, ովքեր օրինապաշտ են, ովքեր բարեխիղճ են, իրենց զգան հիմարի դերում: 150 հազար հոգուն ներում ենք, լավ ենք անում: Բա էն մի միլիո՞նը, որը վճարել է տուգանքները, ինչի՞ պետք է հիմարացված վիճակում լինի: Արդարությունը ինչպե՞ս պետք է լինի այդ մարդկանց դեպքում»:
Արդարադատության նախարարի պատասխանը․ - «Կարող է այդպիսի խնդիր առաջանալ: Սա փիլիսոփայական հարց է, և դրա պատասխանը եթե ես փորձեմ ինքս տալ, անպայման հակասությունների մեջ կմտնեմ այլ տեսությունների հետ»:
Հանրապետական պատգամավորին հուզող հաջորդ հարցը կարմիր գծերին էր վերաբերում․ ինչո՞ւ դրանց տուգանքները համաներման տակ չեն․ - «Մենք բոլորս լսել ենք, որ ինչքան է այդ կարմիր գծերը պախարակվել, ինչքան վատ է դա․․․ մի հեղափոխություն կատարվեց էդ կարմիր գծերի վրա»:
Նախագիծը ժամանակավրեպ որակեց նաև Ռուստամ Մախմուդյանը (ՀՀԿ), իսկ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը անարդարությունը վերացնելու համար առաջարկեց որոշակի արտոնություն տալ տուգանքները ժամանակին վճարած բարեխիղճ վարորդներին․ - «Մարդը, որը բարեխիղճ է, ինքը չպետք է տուժի: Այս օրենքով արդեն երրորդ անգամ մենք բարեխիղճ վարորդներին գցում ենք էն ծուղակը, որը իրենց հետագայում դարձնում է ոչ բարեխիղճ վարորդներ»:
«Ծառուկյան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանը Արդարադատության նախարարին առաջարկեց հետևանքի փոխարեն պատճառները վերացնել․ - «Մտածեք ընդհանրապես էդ չարաբաստիկ կարմիր գծերից ազատվելու մասին: Կամ ի՞նչ է նշանակում հիսուն սանտիմետր առաջ կանգնելու համար հինգ հազար դրամ տուգանք: Եկեք դրա մասին մտածենք, հարգելիներս, որ մեր երկրում տուգանքները իսկապես համահունչ չեն մեր բնակչության կենսամակարդակին»:
Գործընկերների քննադատությանը հակադարձեց Ալեն Սիմոնյանը («Ելք»)՝ նշելով, որ համաներումը վերաբերում է այն վարորդներին, որոնք ի վիճակի չեն և չեն մուծելու տուգանքները, ուստի անարդարության խնդիր չկա․ - «Սա, ըստ իս, արվում է, որպեսզի էդ մարդկանց բեռը թեթևացնել, այդ մարդկանց ազատել և երկրորդ շանսը տալ: Ես ինքս վճարել եմ իմ տուգանքները, որովհետև ես դրա հնարավորությունը ունեմ, ու ես ինձ որևիցե ձևով նսեմացված չեմ զգում»:
Եզրափակելով քննարկումը՝ Արդարադատության նախարարն ասաց, որ Կառավարությունը լրջագույն բարեփոխումներ է իրականացնելու ոլորտում, և այս համաներումը դրանց մեկնարկն է: Զեյնալյանը նաև վստահեցրեց, որ հնչած առաջարկությունների մի մասն ընդունելի է Կառավարության համար։
Նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումն ավարտվեց, այն արտահերթ ռեժիմով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կքննարկվի և քվեարկության կդրվի վաղը։
Արտահերթ նիստում խորհրդարանն այսօր քննարկեց նաև «Զինապարտության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ Կառավարությունն առաջարկում է, զինվորական ծառայությունից ազատել ընտանիքի միակ արու զավակին, եթե վերջինս մարտական ծառության ժամանակ զոհված հայր, մայր, քույր կամ եղբայր ունի։