Անդրանիկ Քոչարյան․ Երկրորդ նախագահը սլաքներն ուղղում է Միքայել Հարությունյանի և Սերժ Սարգսյանի կողմը

Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը «Ազատության» տաղավարում:

Հատուկ քննչական ծառայության պետը լրագրողներին փոխանցել է, որ Մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՔԾ-ն այսօր հարցաքննության նոր ծանուցագիր է ուղարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Քոչարյանի հարցաքննությունը, Սասուն Խաչատրյանի խոսքով, նշանակված է հուլիսի 26-ին, չներկայանալու դեպքում միջոցներ կձեռնարկեն:

Ավելի քան 10 տարի քննվող Մարտի 1-ի գործին օրերս նոր դրվագ միացվեց: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը այդ գործով վկա է, իսկ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը՝ մեղադրյալ: Նրան առաջադրվել է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք: Հարությունյանի նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել, հայտնաբերելուն պես դատարանի որոշմամբ նա կկալանավորվի:

Երեկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել էր, թե երկրորդ նախագահը հուլիսի 25-ից հետո, երբ արտերկրից վերադառնա Հայաստան, պատրաստ է ներկայանալ հարցաքննության:

«Վկան հարցաքննության չներկայանալու հարգելի պատճառների մասին պարտավոր է նախապես տեղյակ պահել վարույթն իրականացնող մարմնին: Հակառակ դեպքում կարող է բերման ենթարկվել հարկադիր կարգով: Տվյալ դեպքում պարոն Քոչարյանը մեզ չներկայանալու հարգելի պատճառների մասին չի հայտնել: Ընդամենը նրա գրասենյակից մեզ փոխանցել են, որ Քոչարյանը գտնվում է արտերկրում և 25-ից շուտ չի կարող ներկայանալ: Հաշվի առնելով նաև նախկին նախագահի անձը՝ այս պահին մենք բերման ենթարկելու մասին որոշում չենք կայացրել: Ընդամենը կրկին անգամ այսօր ծանուցագիր է ուղարկվել», - ասաց Սասուն Խաչատրյանը:

Այսօր նաև պարզվեց, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության ծանուցագիր է ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Վկայի կարգավիճակ ունեցող Խաչատուրովը, պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը, ըստ ՀՔԾ-ի, փոխանցել է, թե քննչական մարմին կներկայանա հուլիսի վերջին։

Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանն այսօր ասաց, Խաչատուրովը եղել է 0038 հույժ գաղտնի հրամանով Երևանում ձևավորված մարմնի հրամանատարը: Հենց 0038 հրամանով էլ, ըստ Քոչարյանի, Պաշտպանության այդ ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանը ստեղծել է բանակի կառավարման նոր մարմին, ինչն անելու իրավունքը չի ունեցել։

Փաստահավաք խմբի նախկին անդամի խոսքով՝ բանակը 2008 թվականի փետրվարի 23-ից մարտի 22-ը՝ մինչև Երևանում հայտարարված արտակարգ դրության ավարտը, ներգրավվել է քաղաքական գործընթացներում:

Հակասահմանադրական որակելով գործընթացը՝ Անդրանիկ Քոչարյանը պնդեց, որ դա տեղի է ունեցել երկրորդ նախագահի նախաձեռնությամբ: Նախ, Ռոբերտ Քոչարյանը օրենքի բացակայության պատճառով չէր կարող հայտարարել արտակարգ դրություն, իսկ հայտարարելու դեպքում, գործող սահմանադրությամբ, բանակը կարող էր օգտագործվել միայն ռազմական դրության դեպքում, որը, ըստ Անդրանիկ Քոչարյանի, հայտարարված չի եղել․ - «Յուրի Խաչատուրովը եղել է այդ նոր ձևավորված մարմնի հրամանատարը՝ Երևան քաղաքում նոր բանակային կառավարման մարմնի ղեկավարը: Այն ժամանակ փորձում էին արդարացնել, որ դա միտված է սահմանում լարվածությանը, բայց սահմանային լարվածությունը ըստ էության դեր չէր խաղացել: Նրանք բերել էին Երևանում էին ձևավորել այդ ապօրինի կառույցը»:

«Ազատության» հարցին, թե արդյոք կարելի է ասել, որ Խաչատուրովը անմիջական կատարողն է եղել, Քոչարյանն արձագանքեց․ - «Ես կարծում եմ, նախաքննական մարմինը կպարզի մնացած բոլոր հարցերը: Մենք բացահայտել ենք, որ այդպիսի մարմին է ստեղծվել Երևանում, ինչը ապօրինի է»:

Երեկ «Երևան Թըդեյ» կայքին տված հարցազրույցում արտերկրում գտնվող Ռոբերտ Քոչարյանը խոսել էր հույժ գաղտնի 0038 հրամանի մասին՝ պնդելով, որ ձեռնարկած գործողությունները գտնվում էին ՊՆ իրավասության տիրույթում:

«Գործող Սահմանադրության համաձայն, գործադիր իշխանությունն էր ապահովում պաշտպանության և անվտանգության ոլորտում քաղաքականության իրականացումը, իսկ պաշտպանության նախարարի որոշումները նախագահի կողմից հաստատում չէին պահանջում: Զորանոցային վիճակի անցումը մարտական ստորաբաժանումների մարտունակության ամրապնդման նպատակով` բանակի համար սովորական մի բան է: Պարզապես անհեթեթ է մեղադրել նախարարին իր աշխատանքը հավուր պատշաճի կատարելու, կամ էլ այն բանի համար, թե այդ որոշմամբ ինչ-որ «փաստացի ռազմական դրություն» է մտցվել», - ասել էր Քոչարյանը:

Մինչդեռ ՀՔԾ-ն օրերս հաղորդեց, որ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը, որը վերաբերում էր «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարմանը»:

Փատահավաք խմբի նախկին անդամը կարծում է, որ Քոչարյանը սլաքներն ուղղում է 2008-ի մարտին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմը․ - «Հստակ Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ՝ ես կապ չունեմ այդ հրամանի հետ: Կապ ունեն Միքայել Հարությունյանը և Սերժ Սարգսյանը: Առանց Սերժ Սարգսյանի անունը տալու: Ես էլ ասում եմ, որ Միքայել Հարությունյանը փաստահավաք խմբում ըստ էության հաստատեց, որ Ռոբերտ Քոչարյանը անմիջական կապ ունի, Գերագույն գլխավոր հրամանատարը էդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանն էր: Իհարկե, ինքը [Միքայել Հարությունյանը] անուն-ազգանում չէր ասում, բայց Գերագույն գլխավոր հրամանատարը բոլորս գիտենք, թե Սահմանադրությամբ ով է այդ անձը: Սերժ Սարգսյանն էլ տեղեկացված է էս հրամանից, որովհետև ինքը եղել է էդ ժամանակ վարչապետը»:

«Ազատության» հիշեցմանը, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը երեկ վստահեցրել է, թե նա պատրաստ է գալ, Մարտի 1-ի գործով հարցաքննության մասնակցել, և հավելել է, որ որևէ մտավախություն Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահը չունի, և հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը ունի մտահոգվելու առիթ, փաստահավաք խմբի նախկին անդամը արձագանքեց․ - «Այո: Նա ունի մտահոգվելու տեղիք և առիթ: Դա փաստերով հիմնավորված է»:

Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ եթե երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրվի, կառաջադրվի «300 հոդվածով, որը եղել է 2008 թվականին»․ - «Ըստ էության ռազմական հեղաշրջում է իրականացվել: Բանակը ինքը ներգրավել է ներքաղաքական գործընթացներում, որի արդյունքում տեղի է ունեցել իշխանության յուրացում»: