Նրանք ասում են, թե գործարանը կարող է վտանգել իրենց առողջությունը։
«Մենք բողոքում ենք, որ էստեղի արտազատված նավթի գազերը ամբողջ կյանքում մենք պիտի շնչենք։ Ու մեր երեխեքն էլ՝ դանդաղ մահ էդ նավթի ու հոտի մեջ», - ասաց բողոքողներից մեկը։
«Պահանջում ենք, որ դադարեցնեն այս շինարարությունը և հեռացնեն մեր տներից այս վտանգը։ Մենք ուրիշ տեղ ապրելու հնարավորություն չունենք, չենք ուզում մեր հողը լքել, մեր երկիրը չենք ուզում լքել։ Ինչքան էլ մեզ ասում են՝ անվտանգ ենք, բոլոր պայմանները պաշտպանելու ենք․․․ բայց առաջին պայմանը անվտանգության խախտել են՝ դա հեռավորությունն է բնակավայրից։ Ես ինչպես հավատամ, որ մյուս պայմանները դուք պահպանելու եք», - հավելեց թաղամասի մեկ այլ բնակիչ։
Մինչդեռ «Արմօյլ» ընկերության տնօրեն, իրանահայ Ալֆրեդ Աբեդին «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ունեն միջազգային փորձաքննության եզրակացությունը, որ իրենց գործունեությունը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, և վստահեցրեց, որ կառուցվող գործարանը վնաս չի հասցնելու շրջակա միջավայրին, որ միայն ավտոյուղերի և շինարարության մեջ օգտագործվող բիտումի արտադրություն է լինելու, այրման գործընթացներ չեն լինելու, արտանետումներ ևս։
«Ստեղ արտադրվելու ա յուղ, ստեղ արտադրվելու ա բիտում, որն ընդհանրապես ոչ մի խնդիր չունի, ինքը բարձրագույն տեխնոլոգիաներով ա, ո՛չ թափոն ունի, ո՛չ թունավոր նյութեր ա արտադրելու, ո՛չ պայթելու ա։ Չենք կարող նման բան մեզ թույլ տալ, որ ժողովրդին թունավորենք։ Մենք ինքներս ստեղ ենք ապրելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աբեդին։
Եղվարդում այսօր տեղի ունեցավ գործարանի կառուցման հարցով առաջին հանրային քննարկումը: Բնակիչներից մեկը, ով չրագործությամբ է զբաղվում, հարցրեց, թե արդյոք գործարանը վտանգ չի ներկայացնում:
Ընկերության տնօրենի պատասխանը․ - «Ես հիմա հայտարարում եմ՝ մյուս տարի էս ժամանակ ես ձեզանից չիր եմ առնելու, դուք ինձանից յուղ եք առնելու։ Առանց թշնամության։ Դուք կտեսնեք, որ մեկս մյուսին օժանդակելով, նախ մեր ժողովրդի համար աշխատատեղ ենք ստեղծելու, երկրորդը, մեր երկրի տնտեսությանը զարկ ենք տալու։ Հիմնավորեք, որ ես թույն եմ արտադրում, հենց հիմա կելնեմ կերթամ․․․ Թափոն գոյություն չունի: Ընդհանրապես: Մենք աշխատացնելու ենք այն դեպքում, եթե բոլոր նորմերը, բնապահպանության, առողջապահության բոլոր հարցերը համապատասխանի ստանդարտներին»:
Նշենք, որ դեռևս չկա Բնապահպանության նախարարության եզրակացությունը:
Ի դեպ, Ալֆրեդ Աբեդիից բացի, այս գործարանի սեփականատերն է նաև Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընտանիքը: