Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը վստահ է, որ ավագանում ՀՀԿ-ական մեծամասնությունը չի փորձի պահել իշխանությունը քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։ Մինչդեռ ավագանու ՀՀԿ-ական ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանություններ տալ։
«Ակնհայտ է, որ պետք է լինեն ավագանու արտահերթ ընտրություններ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաժակյանը: - «Ես վստահ եմ, որ [Հանրապետական խմբակցության կողմից իշխանությունը պահելու փորձեր] չեն արվի: Եթե նույնիսկ արվեն էլ, դրանք գոնե բովանդակային առումով ձախողված փորձեր կլինեն, որովհետև Տարոն Մարգարյանը, ներկայացնելով Հանրապետական խմբակցությունը և հրաժարական ներկայացնելով, ըստ էության զրկեց իր թիմին իշխանություն լինելուց: Ուստի դա սպառված հնարավորություն է: Եվ հրաժարականը դա ցույց տվեց»:
«Երևանի մասին» օրենքը նախատեսում է, որ քաղաքապետի հրաժարականից հետո երրորդ աշխատանքային օրը գումարվում է ավագանու նիստ, որի ընթացքում նշանակվում է արտահերթ ընտրության օր՝ առավելագույնը մեկամսյա ժամկետում։ Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրում են ավագանու խմբակցությունները, ընտրությունը կատարում է ավագանին իր շարքերից։
Սակայն ՀՀ կառավարությունն իրավունք ունի կրճատել գործող ավագանու լիազորությունները կամ ցրել ավագանին, եթե քաղաքապետի հրաժարականից հետո գումարված նիստում կամ դրան հաջորդող 2 շաբաթների ընթացքում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:
Խաժակյանն ասաց, որ դեռ պետք է քննարկեն, թե ավագանին ցրելու տարբերակներից որն է ավելի նախընտրելի․ - «Եթե չեն կայանում քաղաքապետի ընտրությունները, նշանակում է, որ կայանալու են արտահերթ ավագանու ընտրություններ մոտավորապես սեպտեմբեր ամսվա մեջ: Եվ այդ ժամկետների շուրջ է, որ, կարծում եմ, քննարկումները պետք է ընթանան»:
Երևանի ավագանու ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» խմբակցության համար ևս միանշանակ է, որ պետք է իրականացնել ավագանու արտահերթ ընտրություններ։ Խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Այո, պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ, և նոր ավագանին պետք է ձևավորվի օրինական ընտրությունների միջոցով, այլ ոչ թե այն ընտրությունների միջոցով, որը մենք տեսել ենք: Դրանք ընտրություններ չեն եղել»:
Ընդ որում, «Երկիր Ծիրանի»-ում հստակ որոշում կա՝ մասնակցելու են առաջիկա բոլոր ընտրություններին, այդ թվում՝ Երևանի ավագանու․ - «Մեր պատասխանատվության բաժինը կրելու ենք, ստանձնելու ենք և ղեկավարելու ենք և՛ քաղաքը, և՛ հանրապետությունը: Բոլոր տեսակի ընտրություններում մենք ունենալու ենք մեր թեկնածությունը: Իհարկե Երևանը կարելի է ասել համապետական ընտրություն է, հետևաբար համապետական ընտրություններին մասնակցությունը մեր համար պարտադիր է»:
Այսօր չհաջողվեց պարզել, թե ինչ մտադրություն ունի Հանրապետական կուսակցությունը. համաձա՞յն է ավագանին ցրելուն և արդյո՞ք կմասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին։
Իսկ «Ելք»-ում միանշանակ է՝ մասնակցելու են ավագանու ընտրություններին, սակայն դեռ չեն որոշել, թե ինչպես են գնալու Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների՝ դաշինքո՞վ, թե՞ առանձին կուսակցություններով:
Չկա պայմանվորվածություն նաև թեկնածուի շուրջ․ - «Առաջիկայում, կարծում եմ, այդ քննարկումները կիրականացվեն: Իմ տեսակետն այն է, որ մեր խմբակցությունը, որպես ավագանու թիմ կայացած թիմ է, և ցանկալի կլիներ, բնականաբար, որ այդ ֆորմատը պահպանվեր: Սակայն ինչպես դա տեղի կունենա, ժամանակը ցույց կտա և քննարկումները ցույց կտան»: