Մեկուկես ամսում միայն հարկերի մասով վերականգնվել է 42 մլն դոլարի վնաս. Փաշինյան

Վերջին մեկուկես ամսվա կոռուպցիոն բացահայտումների արդյունքում, միայն հարկային պարտավորությունների մասով, հուլիսի 1-ի դրությամբ վերականգնվել է 20 միլիարդ 622 միլիոն դրամի (42 միլիոն դոլար) վնաս։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր կառավարության ձևավորումից ի վեր Հայաստանում շատ ակտիվորեն ընթանում է կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքար, նաև ստվերային տնտեսության դեմ պայքար, և մենք ամփոփել ենք մի տվյալ և արձանագրել, որ իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի շրջանակներում միայն հարկային մասով, այսինքն՝ միայն հարկային պարտավորությունների մասով հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկվել, վերականգնվել է 20 միլիարդ 622 միլիոն դրամի վնաս, կամ չվճարված հարկը, որը պետք է վճարվի: Սա 42 միլիոն դոլարի մասին է գնում խոսքը, և սա շատ կարևոր ցուցանիշ է», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակենք։ Երկու ամիս, որից կես ամիսը ծախսվել է զուտ կազմակերպչական աշխատանքների վրա, այսինքն՝ սա իրականում մեկուկես ամսվա ցուցանիշ է»։

Ընդգծելով, որ մամուլում հրապարակումներ կան, թե բյուջեում այս վերականգնված թիվը չի արտահայտվում, Փաշինյանն ասաց, որ այդտեղ ոչ մի տարօրինակ բան չկա։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը պարզաբանեց. - «Ըստ էության, այդ 20 միլիարդ 622 միլիոն գումարն օր-օրի փոփոխվում է, բնականաբար, դեպի բարձրանալու միտում ունի։ Այս պահի դրությամբ 73 տնտեսվարողների վարքագծի արդյունք է այդ 20 միլիարդ 622 միլիոնը, և մենք կարող ենք դա բաժանել երեք մասի՝ 800 միլիոնը փաստացի մուտքագրվել է բյուջե, մոտավորապես 12 միլիարդ 700 միլիոն դա առաջադրվել է գանձման պետական բյուջե, իսկ 7 միլիարդի կարգի թիվ նախնական հաշվարկներ են, որոնք փոփոխման ենթակա են, այսինքն՝ քննչական գործողությունների ընթացքում դրանք մեծանալու միտում ունեն»։