Տարոն Մարգարյանին երևանցիները ստիպեցին, որպեսզի հրաժարական տա. Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքով՝ Տարոն Մարգարյանի հրաժարականը կայացած փաստ էր, պարզապես այն թղթի վրա ձևակերպում ստացավ։

Խաժակյանն «Ազատության» հետ զրույցում դեռ երկու շաբաթ առաջ ասել էր, թե քաղաքապետը հրաժարականի դիմում է գրել, պարզապես այն չի հրապարակվում, քանի որ դեռևս պարզ չէ, թե ինչպես են տեղի ունենալու նոր քաղաքապետի ընտրությունները։

«Ելք» խմբակցության ղեկավարն ասում է՝ Տարոն Մարգարյանին երևանցիները ստիպեցին, որպեսզի հրաժարական տա։

«Կարծում եմ, որ դա վաղուց արդեն պահանջարկված էր, որովհետև այս տարիների ընթացքում Հանրապետական թիմը՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, ապացուցեցին, որ իրենք անարդյունավետ կառավարիչներ են և վատնում են համայնքի գումարները, և հեղափոխական մարդկանց, հեղափոխության այս ալիքը նաև հասավ քաղաքային իշխանությանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաժակյանը։

Դավիթ Խաժակյան, արխիվ

​Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Սահակյանը համամիտ չէ Խաժակյանի հետ։ Նա ասում է՝ հասարակության կողմից ճնշում չկար և Տարոն Մարգարյանը հեռացավ, քանի որ իշխանություն փոխվեց։

Ի դեպ, Տարոն Մարգարյանը երեկ իր ուղերձում հրաժարականի պատճառների մասին ոչինչ չէր նշել, պարզապես շնորհակալություն էր հայտնել Երևանի ավագանու իր գործընկերներին, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին և անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար։

Երեկ Երևանի հանրապետական քաղաքապետն ավագանու Հանրապետական խմբակցության անդամներին հրավիրել էր քաղաքապետարան, հանդիպմանը նաև Արմեն Սահակյանն էր մասնակցել։

«Հանդիպման ժամանակ կոնկրետ ոչ մի բան մեզ չի ասել հրաժարականի մասին, մենք հասկանում ենք, որ նոր Հայաստան է, նոր իշխանություն, բնական է, որ էդ մարդը պետք է իր հրաժարականը տար։ Հասարակությունը ե՞րբ է ճնշում գործադրել, մեր վարչապետն ասաց, չէ՞՝ «երբ որ նպատակահարմար կգտնենք, կասենք գնա, նա կգնա»։ Էդ ճանապարհ փակողների մեջ երևի տասը տոկոսն էլ Երևան քաղաքի բնակիչ չէր։ Ուղղակի, թե ինքը չցանկացավ նոր իշխանությունների հետ աշխատել, թե նոր իշխանությունները չցանկացան, դա չեմ կարող ասել», - ասաց Սահակյանը։

Ավագանու ՀՀԿ-ական անդամը պնդում է՝ Տարոն Մարգարյանը շատ լավ է աշխատել, և հույս է հայտնում, որ նոր քաղաքապետը կշարունակի նրա թողած աշխատանքը։

Արմեն Սահակյան, արխիվ

Ավագանու ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, մինչդեռ, վստահ է՝ Տարոն Մարգարյանը ոչ միայն չի լուծել մայրաքաղաքի խնդիրները, այլև քրեորեն հետապնդելի արարքներ է կատարել։

«Տարոն Մարգարյանը պետք է վաղուց արդեն չլիներ այդտեղ, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ սա դեռ բավարար չէ, նրա նկատմամբ պետք է տեղի ունենա նաև քրեական հետապնդում, քանի որ և՛ առիթները, և՛ դեպքերը բազմաթիվ են, որպեսզի նրան մենք ներգրավենք որպես մեղադրյալ», - ասաց Փոստանջյանը։

Զարուհի Փոստանջյան, արխիվ

Վերջերս հրապարակվել էր մի տեսանյութ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին։ Տեսանյութում նշվում էր, որ թեև 40-ամյա Տարոն Մարգարյանն իր ամբողջ կյանքի ընթացքում եղել է միայն պետական պաշտոնյա, սակայն տպավորիչ հարստություն է կուտակել։

Ավագանու Հանրապետական խմբակցության անդամի համար զարմանալի չէ, որ Տարոն Մարգարյանը հարուստ է. - «Պետական պաշտոնյայի կինը, մայրը, եղբայրը, տղան չե՞ն կարող բիզնես ունենալ»։

Երևանի քաղաքապետարանի շենքը

Նշենք, որ Երևանի մասին օրենքի համաձայն քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են հետևյալ կարգով՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո երրորդ աշխատանքային օրը օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը, ընդ որում՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին: Սակայն, չի բացառվում նաև, որ ոչ թե նոր քաղաքապետն ընտրվի գործող ավագանու կազմից, այլ պարզապես ավագանին լուծարվի: Համաձայն օրենքի, կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե նիստը գումարելուց հետո երկշաբաթյա ժամկետում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

«Ելք» և Հանրապետական խմբակցությունները դեռ չեն որոշել, թե ում են առաջադրելու, «Երկիր Ծիրանի»-ն, սակայն, թեկնածու արդեն ունի։

«Իհարկե, արտահերթ ընտրությունների դեպքում միանշանակ է, որ իմ թեկնածությունը ներկայացված է լինելու որպես քաղաքապետի թեկնածու, և միանշանակ է, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը։