Ամառային զորակոչի ութերորդ օրը ծառայության է մեկնում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։
Աշոտ Փաշինյանը դեռ մայիսին տեսաուղերձի միջոցով հայտարարել էր, որ որոշել է ինքնակամ դիմում գրել և ծառայությունն անցկացնել Արցախում։
Այսօր «Ազատության» հարցին ի պատասխան Աշոտ Փաշինյանն ասաց դիմումն արդեն գրել է, գնալու է Լեռնային Ղարաբաղ։ - «Ես գնալու եմ առաջնագիծ՝ Ղարաբաղ եմ գնալու, դիմում եմ գրել, Արցախի Հանրապետություն եմ գնալու, իսկ թե կոնկրետ որ զորամաս, վիճակահանությունից պարզ կլինի։ Էդ որոշումը դեռ փոքր ժամանակվանից եմ կայացրած եղել», - ասաց Աշոտ Փաշինյանը։
Կրտսեր Փաշինյանն ասաց՝ զինված ուժերում դրական փոփոխությունների մասին լսել է, բայց եթե ծառայության երկու տարիներին բանակում անարդարություն տեսնի, անպայման կբարձրաձայնի։ Նորակոչիկը նաև շեշտեց՝ պետք չէ զարմանալ այն փաստից, որ վարչապետի որդին բանակ է գնում։ Ծառայելը բնական երևույթ է, անբնական է՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը․ ֊ «Եթե երկար տարիներ էդ չի եղել, էդ չի նշանակում, որ պետք ա դրան որպես յուրահատուկ կամ արտառոց բան վերաբերվել: Լրիվ նորմալ, բնական երևույթ է իմ կարծիքով: Մեր ծառայության նպատակը խաղաղություն հաստատելն ա ու մենք պարտավոր ենք դա անենք»:
Իրենց շարքում վարչապետի 18֊ամյա որդուն տեսնելը ոչ միայն զարմացրել է նորակոչիկներին, այլև ոգևորել։ Տղաներն ասում են՝ սա աննախադեպ երևույթ է, որը պատահեց նոր Հայաստանում։
էստոնիայի Տարտուի համալսարանում ուսումը կիսատ թողած ու Հայաստան վերադարձած Աշոտին զինկոմիսարիատում մանրամասն քննեցին, գրագիտություն ստուգեցին, անգամ գումարում-հանում հարցրեցին։
Ու երբ Աշոտը գնաց համազգեստ ստանալու, կենտրոնական հավաքակայան եկավ վարչապետը։ Մինչև որդին վերևում էր, հայրն ի պաշտոնե շրջեց բուժական հատվածում, զրուցեց հանձնաժողովների անդամների հետ, ապա մտավ ճաշարան։ Այստեղ լրագրողները հիշեցին՝ դեռ մինչև ամառային զորակոչն էր Փաշինյանը հայտարարել, որ պետությունը զինվորներին ապահովելու է բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ սոցիալական այդ բեռը հանելով ծնողների ուսերից։ Փաշինյանը նկատեց՝ իր այս ասածը թյուրըմբռնման տեղիք է տվել։
«Խոսքը նրա մասին է, որ այն ապահովումը, որի պարտավորությունը դրված է պետության վրա, պետությունը լիարժեք պետք է իրականացնի։ Դա չի նշանակում, որ եթե ծնողը գնում է երեխային տեսակցելու, չի կարող, ասենք, իր հետ միս տանել, թույլտվություն վերցնել, ասել՝ գնանք խորոված անենք, կամ մի հատ քաղցրավենիք տալ։ Խոսքը նրա մասին է, որ զինծառայողի ծնողը պիտի ստիպված չլինի, դա իր համար սոցիալական նոր բեռ պետք է չլինի», ֊ պարզաբանեց վարչապետը։
Պաշտպանության նախարարի ուղեկցությամբ վարչապետը նստեց զինվորների հետ ճաշելու։ Թանապուր, ամառային աղցան ու կոմպոտ՝ սա էր Փաշինյանի նախընտրությունը։ Շատ չանցած սեղանին մոտեցավ նաև Աշոտը։
Ճաշելուց հետո արդեն վարչապետից հետաքրքրվեցինք՝ գոհ է արդյոք սննդից: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ ֊ «Կոնկրետ այս սնունդը շատ որակյալ էր։ Ուղղակի պետք է պարզել՝ ամեն տեղ այսպես է, թե այսպես չէ», ֊ ճաշելուց հետո լրագրողների հարցին ի պատասխան ասաց վարչապետը։ ֊ «Ամբողջ խնդիրն այն է, որ զորամասերի սննդի մասին չեք կարող մի զորամասի սննդից պատկերացում կազմել։ Ես անձամբ ստացել եմ սննդի որակի հետ կապված դիմումներ և համապատասխան ընթացք է տրվել»։
Սնունդը՝ սնունդ, բայց այս զորակոչի ամենակարևոր հարցն արդարությունն է՝ կարծիք հայտնեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ այս հարցում վճռական են լինելու, զիջումների չեն գնալու։ Ինչ վերաբերում է բանակում առկա կոռուպցիոն երևույթներին, ապա վարչապետի խոսքով՝ դրանց բացահայտման համար հստակ մեխանիզմներ կան․ ֊ «Այո, ես գիտեմ որ մեր ընդհանուր կանխավարկածը կա, այն է՝ որ կոռուպցիա կա և մեծ ծավալների, այդ թվում և զինված ուժերում: Եվ ինչքան որ կա՝ այնքան կբացահայտվի, ոչ ավել, ոչ պակաս»:
Վարչապետը եղավ նաև վիճակահանության սենյակում։ Հենց այստեղ է որոշվում, թե ով որտեղ է ծառայելու։ Աշոտը ևս մոտեցավ թմբուկներին, բայց վիճակահանությանը չմասնակցեց։ Բոլորի ներկայությամբ հայտարարվեց՝ նա իր ընտրությունն արդեն կատարել է․ ֊ «Զինակոչիկ Աշոտ Նիկոլի Փաշինյանը իր դիմումի համաձայն նշանակվել է ծառայության Պաշտպանության բանակ, իր ցանկությամբ՝ ամենադժվար պայմաններ ունեցող զորամասերից որևէ մեկը»:
Վիճակահանության սենյակից ուղիղ տեսակցությունների սենյակ։ Այստեղ արդեն որդուն սպասում էր նաև մայրը՝ Աննա Հակոբյանը։ Վերջին նստարանին ընտանիքը մի քանի րոպեով առանձնացավ, բայց հանդիպումը երկար չտվեց՝ վերջին հրաժեշտ ու վարչապետը հեռացավ։ Նիկոլ Փաշինյանին հարցրեցինք՝ արդյոք որդու ընտրությունը չի անհանգստացրել իրեն․ ֊ «Ոչ ավելի, քան մեր բանակի մյուս զինվորների կապակցությամբ ունեցած մտահոգությունը և դրանից ոչ ավել, ոչ պակաս։ Այդ առումով, կարծում եմ, ես նաև ի պաշտոնե իրավունք չունեմ իմ որդու մասին ավելի հոգ տանել, քան մյուս զինվորների»:
Ամառային զորակոչով ծառայության կմեկնի նաև Պաշտպանության նախարարի որդին։ Դավիթ Տոնոյանը օրը չի հրապարակում, բայց այլ փակագծեր է բացում՝ այս զորակոչը տարբերվելու է նախորդներից․ ֊ «Գործնականում քայլերը, երևի կնկատեք՝ զորակոչվողների մեջ կլինեն ավելի շատ նախկինում չզորակոչվող անձնակազմ: Հնարավոր է նաև խոշոր բիզնեսմենների երեխաներ»:
Մեկ այլ որոշմամբ էլ՝ առաջնագծում մարտական հերթապահություն կիրականացնեն նաև Ոստիկանության զորքերը՝ ասում է նախարարը․ ֊ «Մեր ոստիկանական զորքերը զինված ուժերի այլ զորքերի շարքին են դասվում: Անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի ոստիկանական զորքերը ևս իրականացնեն հերթապահություն՝ մարտական հերթապահության մեջ ընդգրկվեն»:
Ինչ վերաբերում է ԵԿՄ-ի տրվող չափաբաժնին, ապա նախարարն ասաց՝ սպասում են առանձնապես խոշոր չափերի յուրացման և ապօրինի զինամթերք ձեռք բերելու ու պահելու մեղադրանքով կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի գործով վերջնական վճռին. այդ ժամանակ անհրաժեշտության դեպքում կվերանայեն որոշումը։