Տարոն Մարգարյանը իր հրաժարականի մասին ուղերձով դիմել է համաքաղաքացիներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղերձ է հղել համաքաղաքացիներին՝ հայտնելով հրաժարական տալու իր մտադրության մասին:

«Սիրելի՛ համաքաղաքացիներ, խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին և շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար», ֊ նշել է քաղաքապետը:

Նշելով, որ որպես քաղաքապետ փորձել է լսել երևանցիներից յուրաքանչյուրի ձայնը, «քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները», քաղաքապետը հավելել է. ֊ «Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է»։

Տարոն Մարգարյանը նաև շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանու իր գործընկերներին, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին և անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար։

Այսօր ավելի վաղ Երևանի հանրապետական քաղաքապետը ավագանու Հանրապետական խմբակցության անդամներին հրավիրել էր քաղաքապետարան և նրանց շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար։

Ապրիլին֊մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխությունից հետո, որի արդյունքում Հանրապետական կուսակցությունը զրկվեց իշխանությունից և վարչապետ ընտրվեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետական կուսակցությունը շարունակում էր պահպանել իշխանական լծակները Երևանի ավագանիում։ Երևանի քաղաքապետարանի երկու ընդդիմադիր՝ «Ելք» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունները պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը՝ նշելով, որ նա չի լուծել քաղաքի գլխավոր խնդիրները, կուտակել է մեծ ունեցվածք՝ զբաղեցնելով միայն պետական պաշտոններ:

Վերջերս նաև հրապարակվել էր մի տեսանյութ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին։ Տեսանյութում նշվում էր, որ թեև 40-ամյա Տարոն Մարգարյանն իր ամբողջ կյանքի ընթացքում եղել է միայն պետական պաշտոնյա, սակայն զգալի չափով ունեցվածք է կուտակել։